Միշտ էլ ակնհայտ է եղել, որ ԼՂՀ-ն Հայաստանի հետ չի միանա Մաքսային միությանը. Ռիչարդ Կիրակոսյան

20:28 • 03.06.14

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած իրադարձություններին, ասաց, թե առաջին հերթին` մենք տեսանք, որ Ղազախստանի դիրքորոշումն այնքան էլ անակնկալ չէր:


«Ավելի շատ անակնկալ էր և հիասթափություն էր առաջացնում այն փաստը, որ Նախագահ Սարգսյանը չարձագանքեց այդ հայտարարությանը և Ադրբեջանի նախագահի կողմից ուղարկված նամակի ընթերցմանը»,-նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:


Նրա խոսքով՝ միշտ էլ ակնհայտ է եղել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանի հետ չի միանա Մաքսային միությանը:


«Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միության հարցում ինքնին սխալ է»,-ասաց ՌԱՀՀԿ տնօրենը:


Հիշեցնենք, որ Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, դիմելով Հայաստանի ներկայացուցիչներին, հայտարարել էր, թե «մի խնդիր կա, որը կարելի է լուծել հետո, և որը մեզ համար այնքան էլ հաճելի չէ. միության մեջ ընդգրկվել այնպես, ինչպես միացել եք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, որպեսզի չգրգռենք մեր հարևան Ադրբեջանին»: