Հետխորհրդային տարածքների շուրջ կռիվ է սկսվել. քաղաքագետ

13:29 • 03.06.14

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ հետխորհրդային տարածքների շուրջ կռիվ է սկսվել: Այսօր կայացած ասուլիսին նա ասաց, որ Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովին ինչ-որ տեղ Հայաստանին «պրետենզիաներ» ներկայացրին:


«Իրենք ասացին՝ պիտի առանց Ղարաբաղի մտնեք Եվրասիական տնտեսական միություն, մենք էլ ասացինք՝ բայց ո՞վ ասաց, որ մենք Ղարաբաղի հետ ենք մտնում»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:


Վերջինիս ներկայացմամբ՝ Եվրասիական տնտեսական համաժողովին ասվեց, որ եթե Հայաստանը ներգրավվի այդ պրոցեսներում, դա կնպաստի Ղարաբաղյան հակամարտության լուծմանը: Բայց բանախոսի համար ամենազարմանալին, որ հայտարարվեց, այն էր, որ Ղարաբաղը Հայաստանի մաս չէ:


«Հայաստանում բազմիցս տրվել է այդ հարցը՝ Ղարաբաղին ի՞նչ ստատուս տալ: Շատերը փախչում են այդ հարցի պատասխանից: Հայաստանում բազմիցս խնդիր է դրվել՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ճանաչելով՝ Ղարաբաղը կստանար հստակ ստատուս: Հայաստանում, սակայն, գոյություն ունի մտածողություն, որ ամեն ինչ վտանգավոր է, ռիսկային է, եթե մենք գնանք ճանաչման, դա կարող է բերել պատերազմի»,-ասաց Մանվել Սարգսյանը:


Նրա խոսքով՝ մեկ տարուց ավելի է, որ Ռուսաստանն իր խնդիրները լուծելու համար նորագույն զենքեր է վաճառում Ադրբեջանին, և ուժեղացնելով Ադրբեջանին՝ հզոր լծակ են ստեղծում Հայաստանի ու Ադրբեջանի վրա. «Մենք մեծ հաջողություն ենք ունեցել Սովետական միության փլուզման ժամանակ: Ադրբեջանը 20 տարի շարունակ իր ձեռքում է պահում միջազգայնորեն ճանաչված իրավունքը վիճելի տարածքների վրա»:


Բանախոսը նաև արձանագրեց, որ Հայաստանն արդեն կորցրել է Եվրասիական տնտեսական համագործակցության հիմնադիր երկիր լինելու հնարավորությունը։