Անգելա Մերկելը համաձայնել է այցելել Վրաստան
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Վրաստան այցելելու հրավերը։ Այդ մասին ասվում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Մամուլի ծառայության տվյալներով՝ «այցը կկայանա մինչ 2015թ. գարուն»։ «Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ Վրաստանում մոտ ապագայում կանցկացվի վրաց-գերմանական տնտեսական համաժողով, որն ուղղված կլինի երկու երկրների համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը», նշել են մամուլի ծառայությունից։
Ղարիբաշվիլին հունիսի 2-ին Բեռլին կատարած այցի ժամանակ Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ «Գերմանիայի կանցլերին տեղեկացրել է Վրաստանի կառավարության՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման կոնկրետ գործողությունների մասին»։
«Մենք շատ քայլեր ենք արել այդ ուղղությամբ, և դա որոշակի իրական արդյունքներ է տվել։ Վրաստանը ցանկանում է նորմալ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ և լուծել երկու երկրների միջև գոյություն ունեցող բոլոր խնդիրները կառուցողական ճանապարհով»,- նշել է Ղարիբաշվիլին։










