Բարաք Օբաման նշել է Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ պայմանները

21:01 • 03.06.14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պատրաստ է վերականգնել վստահությունը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններում, սակայն դրա համար, Սպիտակ տան ղեկավարի խոսքով,Ռուսաստանը պետք է ետ կանչի իր զորքերը արևմտյան սահմաններից և օգտվի Ուկրաինայի հարավ-արևելքում ունեցած իր ազդեցությունից:


Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ Associated Press-ին հղումով, Վաշինգտոնն ընդգծել է, որ Օբաման միշտ լավ հարաբերությունների է ձգտել Մոսկվայի հետ: Ամերիկայի առաջնորդը նշել է, որ Ռուսաստանը շահագիգիռ է իր սահմանների անվտանգության հարցում՝ հիշեցնելով, որ Կրեմլը պետք է հարգի միջազգային իրավունքը, այդ թվում՝ մյուս երկրների տարածքային ամբողջականությունը:


France-Presse գործակալության փոխանցմամբ՝ Օբաման կոչ է արել Ռուսաստանին՝ նաև ճնշում գործադրել ապստամբների վրա, որոնք մարտնչում են Ուկրաինայի հարավ-արևելքում, որպեսզի վերջիններս դադարեցնեն հարձակումներ իրականացնել կառավարական զորքերի վրա: «Եթե Ռուսաստանը շարունակի միջոցներ ձեռնարկել, որոնք ուղղված են Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանը, ապա նրան նոր պատժամիջոցներ են սպասում», - նախազգուշացրել է Սպիտակ տան ղեկավարը:


Ինչպես ընդգծել է Օբաման՝ Պուտինը պետք է օրինական ճանաչի Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունները և անձամբ հանդիպի երկրի նոր ղեկավար Պյոտր Պորոշենկոյի հետ: