Ասադի մեկ ժամ իշխանության չլինելը նշանակում է Հայոց ցեղասպանություն. կանխատեսումներ սիրիական ընտրությունների շուրջ
Սիրիայում այսօր նախագահական ընտրություններ են: Գործող նախագահ Բաշար ալ Ասադից բացի նախագահի պաշտոնին հավակնում են երկու այլ թեկնածուներ. Հալեպից ընտրված կոմունիստ պատգամավոր Մահեր Աբդել Հաֆես Հաջարը և նախկին նախարար, գործարար Հասան Աբդել Իլլահի ան Նուրին։
Նախագահական ընտրությունների շուրջ Tert.am-ի հետ զրույցում իրենց կանխատեսումները ներկայացրին հասարակական գործիչ, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը և արաբագետ Հայկ Քոչարյանը: «Ասադի անգամ մեկ ժամ իշխանության չլինելը նշանակում է Հայոց ցեղասպանություն»,- ասաց Սարգիս Հացպանյանը, և Հայկ Քոչարյանն էլ նկատեց, որ հայերն իրենց անվտանգության սահմանները տեսնում են գործող համակարգում:
Սարգիս Հացպանյանը գտնում է, որ Սիրիայում պատերազմական իրավիճակի փոփոխություն այսօր կայանալիք ընտրություններով պայմանավորված չի լինի, որովհետև կանխատեսելի է, որ գործող վարչախմբի ղեկավար Բաշար ալ Ասադը կրկին վերընտրվելու է, քանի որ ժողովրդի վստահությունն է վայելում։ Իսկ երկիրը իր հունի մեջ կմտնի, եթե հակաասադյան ուժերը սանձվեն։
«Ով հակաասադյան գործողությունների է դիմում Սիրիայում, նկատի ունեմ՝ ԱՄՆ-ին, եվրոպական երկրներին, աջակից է Ասադի դեմ գործողություններ իրականացնող գործողություններին։ Եվ այս ամբողջը իրենց մեղքով է, և իրենք տեսան, որ չի ստացվում Սիրիայում այնպես, ինչպես այլ երկրներում, ԱՄՆ-ի ծրագիրը չի ստացվում»,- ասաց նա։
Իսկ թե ում կսատարեն հայերը, Սարգիս Հացպանյանը պատասխանեց, որ այդ մասին խոսք լինել չի կարող։ Հայերը միայն Ասադի կողմնակից են, որովհետև միայն նրա օրոք է, որ հայերը Սիրիայում ունեցել են բացարձակ հնարավորություն իրենց դրսևորելու որպես այդ երկրի քաղաքացի. «Նրանք Սիրիայի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ են հանդիսացել։ Ես նկատի ունեմ հայր Ասադին, որի քաղաքականության շարունակողն է հանդիսանում որդի Ասադը։ Ես չեմ պատկերացնում, որ որևէ հայ այդ հակաասադյան ճակատին համակրի կամ Ասադի հեռացման կողմնակից լինի, դա անհավանական եմ համարում»։
Ըստ նրա՝ այդ դիրքորոշումը շատ ճիշտ է, որովհետև Ասադի անգամ մեկ ժամ իշխանության չլինելը նշանակում է Հայոց ցեղասպանություն։
«Եթե արաբները չլինեին և նրանց տեղում լինեին թուրքերը, մոռացե՛ք, որ մենք այսօր կլինեինք, մեզ վաղուց սպանած կլինեին։ Իսկ արաբների շնորհիվ է, որ մինչև հիմա այնտեղ կանք»,- ասաց Սարգիս Հացպանյանը:
Արաբագետ Հայկ Քոչարյանը գտնում է, որ առաջադրված թեկնածուներից միակ հավակնորդը գործող վարչակազմի ղեկավար Բաշար ալ Ասադն է, որը, ըստ երևույթին, կընտրվի: «Իմ կարծիքով բարձր տոկոսով կընտրվի, ինչը նրան կտա հավելյալ լեգիտիմություն և հնարավորություն կտա բանակցելու և իր վարած քաղաքականությունը շարունակելու թե՛ իրենց լսարանի համար, թե՛ արտաքին լսարանի համար։ Եվ արտաքին աշխարհում Սիրիայի համար դիրքերը կամրապնդվեն ավելի շատ բանակցային գործընթացում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու, անցումային ինչ-որ փուլ ստեղծելու մասին խոսակցություններն արդեն դուրս են մնում, քանի որ գործող նախագահը կընտրվի արդեն բավականին մեծ լեգիտիմությամբ:
Ինչ վերաբերում է երկրում տիրող պատերազմական դրությանը, արաբագետը նկատեց, որ այդ պայմաններում երկրի զգալի հատվածը չի մասնակցի ընտրություններին, բայց հիմնական կենտրոնները գտնվում են կառավարության վերահսկողության տակ և այդ տարածքներում կիրականացվեն ընտրություններ, ինչը առիթ կտա, որ կողմնակիցներն աջակցեն ընտրություններին, իսկ ոչ կողմնակիցները քննադատեն ընտրությունները:
«Բնականաբար, կտեսնենք, որ վարչակարգը վերահաստատելու է իր դիրքերը, որովհետև այլընտրանք ստեղծված չէ, քարոզչական, վարչական մեքենաներն են նրանց ձեռքում, և ընտրություններն անց են կացվում այն տարածքներում, որտեղ Ասադի վարչակարգն է վերահսկում: Այսինքն՝ փոփոխություն չի լինելու, պարզապես լինելու է ավելի խստացված մոտեցում»,-կանխատեսեց Հայկ Քոչարյանը:
Վերջինիս խոսքով՝ բոլորը սպասում են, որ Սիրիայում պետք է կայունանա իրավիճակը, անվտանգությունը մեծանա, քանի որ այս օրերին էլ ակտիվ ռազմական գործողություններ են տեղի ունենում: Իսկ որտեղ ասադյան իշխանությունը վերահսկողություն ունի, այդ տարածքներն անվտանգ են, այդ տրամաբանությամբ էլ առաջ են գնում՝ որտեղ բանակ, այնտեղ անվտանգություն:
«Ընտրություններից հետո համեմատաբար ավելի կայուն և անվտանգ կարող է լինել, եթե հաշվի առնենք, որ այդ անջատողական ուժերն էլ արդեն սպառում են իրենց միջոցները»,- ասաց արաբագետը և նույնպես նկատեց, որ հայերը հակված են սատարելու Ասադին, որովհետև իրենց անվտանգության սահմանները տեսնում են գործող համակարգում:










