Հռոմի պապը խորհուրդ է տվել ընտանի կենդանիներ պահելու փոխարեն երեխաներ ունենալ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ամուսնական զույգերին կոչ է արել երեխաներ ունենալ, ոչ թե նրանց փոխարեն ընտանի կենդանիներ պահել: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ The Huffington Post-ին հղումով, Վատիկանում պատարագի ժամանակ Հռոմի պապը կտրուկ կերպով քննադատել է այն ընտանիքներին, որոնք չեն ցանկանում երեխաներ ունենալ՝ մտահոգվելով իրենց անձնական բարօրության համար:
«Դուք կարող եք Ձեզ թույլ տալ ճանապարհորդել ողջ աշխարհով մեկ, արձակուրդ գնալ, երբ ցանկանաք, առանձնատուն գնել, անհոգ կյանք վարել: Իհարկե, ավելի հեշտ է շուն պահել կամ կատու և սիրել այդ կենդանիներին, սակայն վերջիվերջո՝ գալիս է ծերությունը, և ընտանիքում զգացվում է միայնության դառնությունը», - ասել է Ֆրանցիսկոսը:
Ինչպես նշում է պարբերականը՝ պապի ելույթը հետևել է ժողովրդագրական իրավիճակի վերջին տվյալների հրապարակմանը, որոնք հաստատում են, որ ծնելիությունը ԱՄՆ-ում և Եվրոպայում անկում է ապրում: Իտալիայում ծնելիության մակարդակն անցյալ տարի հասել է ռեկորդային նվազագույն ցուցանիշին՝ 515 հազար մարդ:










