Ադրբեջանին միայն ռուսական տանկերը քիչ են. Независимая газета-ի անդրադարձը

13:22 • 03.06.14

Ռուսաստանն օգոստոսին Ադրբեջանին 30 նորագույն Т-90С տանկեր կուղարկի՝ համաձայն 2012թ.-ին կնքված գործարքի, որով նախատեսվում էր Ադրբեջանին 100 տանկ վաճառել, գրում է Независимая газета-ն։

 

Բացի այդ, բանակցություններ են ընթանում Ադրբեջանի կողմից ռուսական «Бал-Э» հրթիռային համակարգերի գնման շուրջ։

 

Այդ ծանր տեխնիկայի առաջին խմբաքանակը Բաքու է ուղարկվել 2013թ.-ի սկզբին։ Մնացած մասի առաքումը շարունակվում է ըստ ժամանակացույցի։

 

Այսօր Բաքուն հետաքրքրված է ռուսական հերթական արտադրանքով՝ «Бал-Э» առափնյա պաշտպանության համար նախատեսված հրթիռային համակարգերով։

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այդ տեղեկությունը, նշելով, որ այդ համակարգերը չէին կարող չգրավել Ադրբեջանի ուշադրությունը՝ որպես դեպի ծով ելք ունեցող երկիր։

 

Ըստ որոշ տեղեկությունների՝ Բաքուն և Մոսկվան բանակցում են մեկ դիվիզիոն արտադրանք գնելու համար։ Այդ համակարգերի շնորհիվ Բաքուն հույս ունի ամրացնել Կասպիցի ափամերձ գոտին։

 

Համակարգերի տեխնիկական բնութագիրը թույլ կտա վերահսկել տարածքային ջրերը, պաշտպանել բազաները, ծովային և ափամերձ հաղորդակցության ենթակառուցվածքները։

 

Մեկնաբանելով Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առկա ռազմատեխնիկական համագործակցության մակարդակը՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի օգնական Ազադ Մամեդովը հայտարարել է, որ հանրապետությունը Ռուսաստանից Т-90 տիպի տանկեր, ծանր կրակային համակարգեր, ինքնագնաց հրետանային «Мста» սարքեր, հարվածային Ми-35М ուղղաթիռներ, БМП-3 մարտական մեքենաներ, БТР-82 զրահամեքենաներ է գնում։

 

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ դրանից բացի Ադրբեջանը շարունակում է իրականացնել АК-74М հրաձիգների լիցենզավորված արտադրության պայմանագրի իրականացումը։