ԲՀԿ համամասնական ցուցակից 21 հոգի ինքնաբացարկի դիմում է գրել. պատգամավորի մանդատը կտրվի Տիգրան Ներսիսյանին
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 21 անդամներ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել են ինքնաբացարկի դիմում, ինչի արդյունքում խորհրդարան կմտնի Տիգրան Ներսիսյանը, ով ցուցակի 88-րդ հորիզոնականում է:
Այս մասին Tert.am- ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Հիշեցնենք, որ վերջինս ԱԺ է մտնում նախկին պատգամավոր Գրիգոր Գրիգորյանի փոխարեն:
Tert.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը, ի պատասխան հարցի, թե ի՞նչն է պատճառը, որ 21 հոգի դիմում են գրում, նշեց. «Ոչ մի, կայացվել է որոշում, կոլեգիալ որոշում: Ըստ որում, ներկուսակցական քննարկումների՝ բացարձակ ժողովրդավարության պայմաններում ՝ օրենքի տառին համաձայն»:
Հիշեցնենք, որ այդ 21 անձանց թվում էր նաև Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչ, ով մամուլում հայտարարում էր, որ ԲՀԿ-ն եզդիական համայնքի ներկայացուցիչներին խոստացել է տանել խորհրդարան, սակայն այժմ կանգ է առել Տիգրան Ներսիսյանի թեկնածության վրա:
Արդեն երեկ նշյալ թեկնածուն ՝ Ռուստամ Մախմուդյանը հայտարարեց, որ խնդիրը պայմանավորած է նրանով, որ Արագածոտնի մարզի եզդիական համայնքի ներկայացուցիչները չեն սատարել ԲՀԿ-ին՝ 2012թ. ընտրությունների ժամանակ:
21 հոգու ինքնաբացարկի պայմաններում ինչպե՞ս կարելի է խոսել բացարձակ ժողովրդավարության մասին. այս մասին հարցին ի պատասխան ՝ Տիգրան Ուրիխանյանը հարցրեց. «Մարդիկ իրավունք չունե՞ն դիմում գրելու»:
«Ուղղակի կասկածելի է, ենթադրվում է, որ դա հարկադրանք է»,-այս դիտարկումից հետո էլ ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Որևէ մեկը որևէ մեկին որևէ բան չի կարող ստիպել, որովհետև օրենքը սահմանել է դրա համար շատ հստակ ընթացակարգ՝ և՛ ինքնաբացարկի, և՛ առաջադրվածներից որևիցե մեկի անցնելու համար»:










