Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների ընթացքում 181 մարդ է զոհվել. գլխավոր դատախազ

14:08 • 03.06.14

Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 181 մարդ, այդ թվում՝ 59 զինծառայող, ևս 293-ը վիրավորվել է, հայտարարել է երկրի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

 

Տվյալները բերվել են Դոնեցկի և Լուգանսկի շրջանների մասով: Մախնիցկու խոսքով՝ մարդիկ մահացել են «ահաբեկչական գործունեության» պատճառով: Թե քանիսն են զոհերից կամավոր անջատողականներ և քանիսը՝ խաղաղ բնակիչ, չի հստակեցվում:

 

Ավելի վաղ ուկրաինական իշխանությունները և ինքնահռչակ «ժողովրդական հանրապետությունների» ներկայացուցիչները տարբեր տվյալներ էին ներկայացրել մահացածների մասին: Այսպես, Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը հայտարարել էր, որ հակաահաբեկչական գործողության մասնակից զինծառայողները կրել են 650 կորուստ: Իրենց հերթին՝ Կիևի իշխանությունները հայտնել էին Դոնեցկի օդանավակայնում բախումների ընթացքում 200 սպանված անջատողականի մասին։