Հովիկ Աբրահամյանն առաջարկել է, որ ՀՀ դեսպաններն զբաղվեն նաև ներդրումներ ներգրավելով

12:00 • 04.06.14

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստին հանձնարարեց բոլոր նախարարներին մշակել ծրագիր և հանձնել այլ երկրներում լիազորված ՀՀ դեսպաններին՝ նրանց ներդրումային ծրագրերում ընդգրկելու համար:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ներկայումս Հայաստանում են գտնվում բոլոր դեսպանները, որոնց ինքն հանդիպել է ու խոսել:

«Նրանք մեր ուշադրությունն են հրավիրում երկու հարցի շուրջ: Ես առաջարկել եմ, որ դեսպանները զբաղվեն նաև ՀՀ-ում ներդրումներ ներգրավելով, Նախագահն էլ է առաջարկել, որ դա դեսպանների աշխատանքի բաղադրիչ մասը հանդիսանա: Դեսպաններն ասում են, նրանց առաջարկները պատշաճ ուշադրության չեն արժանանում նախարարների կողմից, եթե արժանանում են, ապա դեսպանները դրանց մասին տեղեկացված չեն լինում: Կոնկրետ փաստեր են ասել»,-ասաց նա և ընդգծեց, որ նախարարների աշխատակազմի ղեկավարները պետք է դեսպաններին տեղյակ պահեն նման դեպքերում:

Այնուհետև Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դեսպաններն իրենց բողոքն են արտահայտել այն հարցի շուրջ, չեն ստանում ներդրումային ծրագրերի առաջարկություններ նախարարություններից:

«Եթե դեսպանը պետք է հանդիպի տվյալ երկրի գործարարների ու ներդրողների հետ, ապա պետք է ունենա ծրագրեր, որպեսզի ներկայացնի դրանք ներդրողներին: Այստեղ համապատասխան նախարարներն ու նախարարությունները պետք է մտածեն, որ տրամադրեն դեսպաններին լիարժեք ներդրումային ծրագրեր: Սրա միջոցով կարելի է դեսպաններին ներգրավել այդ ծրագրերում, ինչը կունենա իր արդյունքը: Պետք է հստակ աշխատենք մեր դեսպանների հետ, ու դա կտա իր դրական արդյունքը»,-ասաց նա: