Հալեպի հայաշատ թաղամասերում հրթիռակոծությունը շարունակվում է. հայերը գիշերել են ապաստարաններում (լուսանկարներ)
Հալեպի տարբեր շրջաններում, հատկապես՝ Նոր գյուղ հայաբնակ թաղամասում, զինյալ խմբավորումների կողմից հրթիռակոծությունները շարունակվում են։
Երեկ երեկոյան երկու հրթիռ է պայթել Ազգային Զավարյան վարժարանի փողոցում՝ նյութական մեծ վնասներ հասցնելով շրջապատին։
Հալեպի Tert.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հայերը շարունակում են մնալ նկուղներում կամ ազգապատկան շենքերի սրահներում, որոնցից մեկում, օրինակ, գիշերն անցկացրել է 100-ից ավելի մարդ։
Սիրիայում երեկ նախագահական ընտրություններ են կայացել, և վերջին օրերի լարվածությունը պայմանավորված է եղել հենց այդ հանգամանքով։
Tert.am-ի հալեպահայ աղբյուրներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասը վերջին օրերի հրթիռակոծությունների հետևանքով անճանաչելի է դարձել. քարուքանդ եղած փողոցներ, վնասված ազգապատկան շենքեր, եկեղեցիներ ու դպրոցներ։
Սոցցանցում տարածված լուսանկարներից երևում է, որ վնասվել է Սահակյան վարժարանը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, «Կիլիկիա» ազգային շենքը, բազմաթիվ բնակարաններ, խանութներ,արհեստանոցներ։










Ազգային Սահակյան վարժարան
Սահակյան վարժարանի պատը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին










