Իշխանությունների հետ համագործակցելն անիմաստ և անօգուտ է, այլևս չենք էլ համագործակցելու. բնապահպան
Շրջակա միջավայրի պահպանության օրվան ընդառաջ «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը և Հայկական բնապահպանական ճակատի խորհրդի համակարգողներ Աննա Աղլամազյանը և Սյուզի Պետրոսյանը հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեցին, թե արժեքային լուրջ ճգնաժամը բերել է ճգնաժամի շատ տարբեր ոլորտներում, և բնությունն անմասն չի մնացել դրանից:
«Սա մեկ օրվա խնդիր չէ, և մեկ օրում չէ, որ դրանք առաջացել են: Մենք կտրվել ենք մեր հողից, ջրից, բնությունից և այդ կտրված վիճակը բերել է նրան, որ մենք հանուն փողի սկսել ենք ոչնչացնել և մեզ զրկում ենք նրանից, ինչը մեզ սնել է և հիմքն է եղել մեր ինքնության ու մշակույթի»,-ասաց Աննա Աղլամազյանը:
Նա նշեց, թե աղետի մասշտաբների հասած «բնաքանդությունը» լուրջ վիճակում է:
«Մենք վաղուց բնապահպանության նախարարությանն անվանել ենք «բնավերման» նախարարություն, քանի որ եղել են դեպքեր, երբ բազմաթիվ հաղորդագրություններ ենք տվել մի շարք դեպքերի մասին, երբ օրինակ պոչամբարը լցվում է Գեղի գետը, կամ այլ խախտումներ, սակայն ոչ մի արձագանք չի եղել դրա վերաբերյալ»,-ասաց Աննա Աղլամազյանը՝ շարունակելով, թե հարկային դաշտն այնպիսի վիճակում է, որ ցանկացած անտառային տարածքում կարող են հանքարդյունաբերությամբ զբաղվել:
«Մենք փորձ ունենք, որ իշխանությունների հետ համագործակցելն անիմաստ և անօգուտ է, հետևաբար այլևս չենք էլ փորձելու համագործակցել»,-ասաց նա:
Մյուս բանախոս Սյուզի Պետրոսյանը, ով եկել է Միացյալ Նահանգներից և Հայկական բնապահպանական ճակատի խորհրդի համակարգող անդամներից է, հայտարարեց, թե որպես սփյուռքի ներկայացուցիչ փորձում է այս խնդիրների մասին ճիշտ տեղեկություն տարածել:
«Սփյուռքում շարժում ունենք, որ կոչվում է «Հայկական վերածնունդ», տասը երկրներում մասնաճյուղեր ունենք, հեռուստաժամ կա Լոս-Անջելեսում, որտեղ Հայաստանում առկա բնապահպանական խնդիրները ներկայացվում են առանց ֆիլտրման»,-ասաց Սյուզի Պետրոսյանը:
Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ իր հերթին նշեց, թե էկոլոգիական խնդիրը մի առանձին խնդիր չէ, դա համակարգային է, և այդտեղ նաև քաղաքականություն կա:
«Տարիներ առաջ նպատակ կար մեզ իջեցնել հումքային կցորդ երկրի մակարդակի: Եվ այն մարդիկ, որոնք ուզեցին երկրում արագ փող աշխատել՝ երկիրն իջեցրին հումքային կցորդի մակարդակի: Հիմա պետք է փորձենք քայլ առ քայլ դուրս գալ այդ վիճակից»,-ասաց Կարինե Դանիելյանը:
Շարունակելով իր խոսքը՝ բնապահպանն ասաց, թե ընդերքօգտագործումն ամենալուրջ խնդիրն է, և իրենք մշակել են հայեցակարգային մոտեցումներ, որտեղ նշված է, թե ինչպես են տեսնում այդ խնդիրների լուծումները:
«Նախորդ կառավարության հետ համաձայնության եկել էինք այդ խնդիրները համատեղ քննարկելու և լուծումներ գտնելու հարցում, սակայն օբյեկտիվ պատճառով դա հետաձգվեց, քանի որ կառավարության փոփոխություն տեղի ունեցավ: Հիմա փորձելու ենք շարունակել այդ հանրություն-կառավարություն համագործակցությունը»,-հաղորդեց Կարինե Դանիելյանը:










