Չինաստանի իշխանություններն արգելել են հիշել Տյանանմեն հրապարակում 1989 թվականի դեպքերը (լուսանկարներ)
Չինաստանի մայրաքաղաքի իշխանություններն ուժեղացրել են անվտանգությունը՝ 1989թ. Պեկինի Տյանանմեն հրապարակում ցուցարարների դաժան ճնշման 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ թույլ չտալու համար, գրում է newsru.com-ը։
Քաղաքի գլխավոր հրապարակի շուրջ տեղակայված են ոստիկանության ուժեղացված ստորաբաժանումներ, ներառյալ՝ ոստիկանության հատուկ ջոկատը։ Ստուգվում են անցորդների փաստաթղթերը։
Չինաստանում արգելված են ոչ միայն հիշատակի միջոցառումները, այլև դեպքերի քննարկումը. արգելվում է պատմել ցուցարարների ցրման մասին, որի հետևանքով հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ են զոհվել։
Վերջին շաբաթների ընթացքում տասնյակ ակտիվիստներ և փաստաբաններ են ձերբակալվել, իսկ արտասահմանյան ԶԼՄ-ներին զգուշացում է արվել այդ իրադարձությունների մասին հրապարակումների «լուրջ հետևանքների» մասին։
1989թ. ապրիլին ավելի քան 1 մլն ուսանողներ և աշխատավորներ դուրս են եկել Պեկինի Տյանանմեն հրապարակ՝ կազմակերպելով կոմունիստական Չինաստանի պատմության մեջ ամենախոշոր բողոքի ակցիան։ Ցուցարարները հրապարակի կենտրոնում վրանային ճամբար են խփել։ Նրանց մի մասը պահանջել է ազատություն և ժողովրդավարություն և բռնապետության վերացում, մյուսները բողոքել են գնաճից և կյանքի վատ պայմաններից։ Ցույցերն ավարտվել են լույս հունիսի 4-ին, երբ ուժայինները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ։



















![]()

















