ԱՄՆ-ն Սիրիայում կայացած նախագահական ընտրությունները «խայտառակություն» է որակել
ԱՄՆ-ի պետդեպարտամենտն անդրադարձել է Սիրիայում երեկ կայացած նախագահական ընտրություններին՝ դրանք որակելով «խայտառակություն», հայտնում է Al Arabiya-ն։
Մասնավորապես՝ պետդեպի խոսնակ Մարի Հարֆը նկատել է, որ երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի պայմաններում ինքնաառաջադրված Բաշար ալ Ասադը, ով նաև գործող նախագահն է, չի վայելում Միացյալ Նահանգների վստահությունը։
«Ընտրությունների նպատակն է թույլ տալ ժողովրդին սեփական կամքն արտահայտել ու նոր ղեկավար ընտրել։ Մինչդեռ Ասադի ռեժիմը սպանդի է ենթարկում ընտրազանգվածին, որին իրականում պետք է պաշտպանի»,-ասել է Հարֆը։
Աղբյուրը նկատում է, որ կայացած ընտրություններում, ըստ ամենայնի, կհաղթի, Ասադը։ Սակայն Արևմուտքն ու Պարսից ծոցի երկրները հայտնել են, որ գործող նախագահի հաղթանակն իրենց համար վստահելի արդյունք չէ։ Մինչդեռ դիտորդների ռուսական պատվիրակությունն արդեն հայտարարել է, որ Սիրիայում նախագահի ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, նախագահական ընտրությունների արդյունքները կհայտարարվեն հունիսի 5-ին։ Ընտրություններին մասնակցել է 3 թեկնածու՝ կոմունիստ պատգամավոր Մահեր Հաջարը, նախկին նախարար, ռեֆորմիստ Հասան ալ Նուրին և գործող նախագահ Բաշար ալ Ասադը, որն այդ պաշտոնում է 14 տարի: Նա համարվում է ընտրությունների ֆավորիտը: Ասադը նաև միակ առաջնորդն է, ով իր պաշտոնին է մնացել «Արաբական գարունից» հետո:
Հիշեցնենք, որ 3 տարուց ավելի Սիրայում ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 162.000 մարդ, արտագաղթել են միլիոնավոր բնակիչներ։










