ՄԻԵԴ-ը համաձայնել է լսել Շվեյցարիայի բողոքն ընդդեմ թուրք գործիչ Փերինչեքի դատավճռի

11:59 • 04.06.14

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկ համաձայնել է լսել Շվեյցարիայի կառավարության ներկայացրած բողոքը՝ դեկտեմբերին դատարանի կայացրած վճռի վերաբերյալ, համաձայն որի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն չէ, հայտնում է Asbarez-ը։

 

Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկման իր մտադրության մասին հայտարարել էր 2013թ.-ի դեկտեմբերի 17-ին։ ՄԻԵԴ-ն արդարացրել էր թուրք գործիչ Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, ինչը շվեյցարական օրենսդրությամբ քրեական հանցագործություն է համարում։

 

Շվեյցարիայի Արդարադատության դաշնային գրասենյակը բողոքարկման մասին հայտարարել էր մարտի 11-ին։

 

Թուրքիայի քաղաքացի Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության ժխտման համար։

 

Դրանից հետո նա երկու անգամ բողոքարկել էր վճիռն ու պարտվել դատարանում, ինչից հետո դիմել էր ՄԻԵԴ, որն էլ դեկտեմբերի 17-ին վճռել էր, որ Շվեյցարական դատարանը խախտել է նրա ազատ արտահայտվելու իրավունքը։

 

ՄԻԵԴ-ը դեկտեմբերին կայացրած վճիռը պայմանավորել էր խոսքի ազատության հիմնարար իրավունքի խախտմամբ։