Կմեռնենք, կպրծնենք մենք քաղաքապետից, քաղաքապետն էլ՝ մեզնից. ուղևորափոխադրողներ

19:39 • 04.06.14

Ուղևորափոխադրողները մինչև աշուն սպասել չեն կարող, որպեսզի ի վերջո՝ որոշվի ներքաղաքային ուղեվարձի նոր սակագինը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը՝ ի պատասխան Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, տրանսպորտի հանձնաժողովի ղեկավար Վահե Նիկոյանի այն հայտարարության, որ Երևանի ներքաղաքային ուղեվարձի նոր սակագինը հայտնի կլինի աշնանը։


«Կմեռնենք, կպրծնենք մենք քաղաքապետից, քաղաքապետն էլ՝ մեզնից։ Ուղևորափոխադրողների վիճակը օրհասական է, 5 ընկերություն արդեն ոչնչացել են, գոյություն չունեն անգամ թղթի վրա»,-նշեց նա։


Հրանտ Եղիազարյանը չի էլ կարող ասել, թե ինչ պատասխան քայլ կարող են անել այսքան ձգձգումների դեմ։
Հարցին, թե ինչպե՞ս է, որ հայտարարում են, որ չեն կարող սպասել, բայց նորմալ էլ շարունակում են աշխատել, Հրանտ Եղիազարյանը նշեց. «Մյուսներն ունեն բիզնեսներ, ուրիշ բիզնեսից գումար են հայթայթում, բերում, դնում են այս գործի մեջ, մինչև տեսնեն՝ ինչ է լինելու»։


Նրան զարմացնում է հարցի այդքան ձգձգման պատճառը, հատկապես՝ որ կա միջազգային փորձագետների հաշվարկ, որն իրենց նախահաշվարկից էլ բարձր է՝ 207 դրամ։


«Մեր մեկ տարի առաջվա, հետո՝ ձմեռվա հաշվարկները հետևյալն են. մենք ասում ենք՝ ներքաղաքային տրասպորտի սակագինը պետք է լինի 200 դրամ, որից 150-ը ուղևորից ենք ուզում, 50-ը՝ քաղաքապետարանից, որ դոտացիա տա»,-նշեց նա։
Իսկ առայժմ, ըստ նրա, «ով ինչքան զապաս պռոչնստ» ունի՝ դիմանում է. «Իսկ դա ոչ մեկի պետքը չի»։