ԵՄ-ն կարող է հետաձգել Ուկրաինայի հետ համաձայնագրի ստորագրումը, բայց արդեն ոչ Պորոշենկոյի պատճառով. WSJ
Եվրամիությունն Ուկրաինայի հետ առևտրային և քաղաքական համաձայնագրի ստորագրմանն է պատրաստվում ընթացիկ ամսում։ Սակայն այնտեղ դեռ համոզված չեն, թե փաստաթուղթը պատրաստ կլինի նախատեսված ժամկետում, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին, որն էլ վկայակոչում է ԵՄ-ում բարձրաստիճան պաշտոնյաների:
ԵՄ-ն հունիսի 27-ին Բելգիայում առևտրային և քաղաքական համաձայնագրեր կստորագրի Մոլդովայի և Վրաստանի հետ: «Նույնը օրը ԵՄ-ն պատրաստվում է ավարտել Ուկրաինայի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը, սակայն նախկինի պես շարունակում են մնալ «տեխնիկական դետալներ», որոնք կարող են դրան խանգարել»,- թերթին պատմել է բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան:
ԵՄ-ի և Ուկրաինայի կողմից դիտվում է «ակնհայտ քաղաքական պատրաստակամություն»՝ ստորագրել համաձայնագիրը, նշել է թերթի զրուցակիցը: «Այժմ դա մինչև հունիսի 27-ն անելու համար անհրաժեշտ է լուծել տեխնիկական հարցը»,- ասել է նա:
Անցած շաբաթ մի քանի եվրոպացի դիվանագետներ հայտնել էին, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն խնդրել է ԵՄ-ի առաջնորդներին հետաձգել համաձայնագրի ստորագրումը, հիշեցնում է թերթը: Այնուամենայնիվ, այդ տեղեկության հայտնվելուց հետո Պորոշենկոյի մամուլի ծառայությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ նոր նախագահը ցանկանում է հնարավորինս շուտ ստորագրել համաձայնագիրը:










