Բրյուսելում մեկնարկել է G7 գագաթնաժողովը՝ 17 տարվա մեջ առաջին անգամ առանց Ռուսաստանի
Համաշխարհային գերտերությունների առաջնորդները կհանդիպեն G7 գագաթնաժողովի շրջանակում՝ 17 տարվա մեջ առաջին անգամ առանց Ռուսաստանի. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ չեն տվել մասնակցել բանակցություններին՝ Ղրիմի միացման և Ուկրաինայի արևելքում իրավիճակի ապակայունացման գործում Ռուսաստանի ոչ կառուցողական դերի պատճառով, հայտնում է newsru.com-ը։
Երկօրյա G7 գագաթնաժողովն անցկացվում է Բրյուսելում՝ նախկինում նախատեսված Սոչիի փոխարեն։ Մասնակիցները կքննարկեն արտաքին քաղաքականությանը, տնտեսությանը, առևտրին և էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցեր։ Վերջին հարցը հատկապես զգայուն է ԵՄ երկրների համար՝ հաշվի առնելով այն, որ Մոսկվան Եվրոպա է մատակարարում նավթի և գազի գրեթե 1/3-ը։
Ըստ տեղեկացված աղբյուրների՝ հանդիպման գլխավոր թեմաները կլինեն Ուկրաինայի ճգնաժամը և հարաբերությունները Ռուսաստանի հետ։
G7-ում ընդգրկված են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ճապոնիան։










