Մարիխուանան Վրաստանում չի օրինականացվի. վարչապետ
Վրաստանի ներկայիս կառավարությունը մարիխուանայի օրինականացում թույլ չի տա, քանի որ դա կնշանակի թմրամոլությանն աջակցություն և կհանգեցնի ավելի ուժեղ թմրամիջոցների օգտագործմանը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով մարիխուանայի օգտագործման օրինականացման պահանջով ակցիան, որը մի քանի օր առաջ անցկացրել են մի քանի կազմակերպություններ և քաղաքացիներ, գրում է Грузия Online-ը:
Վրաստանի վարչապետը հիշեցրել է, որ Վրաստանի գործող օրենսդրության համաձայն՝ մարիխուանա օգտագործելու փաստով առաջին բերման ենթարկման դեպքում նախատեսվում է 500 լարիի չափով տուգանք, երկրորդ անգամ՝ 2000 լարի, իսկ երրորդ անգամ բերման ենթարկվելու դեպքում՝ ազատազրկում:
«Մենք պետք է այդ հարցին նայենք ինչպես թմրամոլության դեմ պայքարի, այլ ոչ այն մի քանի մարդկանց տեսանկյունից, ովքեր դուրս կգան և կասեն, որ մարիխուանա ծխելը հանցագործություն չէ: Մենք թույլ չենք տա թմրամոլության խրախուսում, հակառակը, մենք ամեն օր աշխատում ենք կրթության բարելավման և առողջ կենսակերպի ներդրման ուղղությամբ»,- ընդգծել է Ղարիբաշվիլին:










