Գերմանիայում սկսել են քննել ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից Մերկելի հեռախոսի գաղտնալսման գործը

17:00 • 04.06.14

Գերմանիայի դաշնային դատախազությունը սկսել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության աշխատակիցների կողմից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցների հնարավոր գաղտնալսման գործի քննությունը, գրում է interfax.ru-ն:

 

«Ես արդեն հայտնել եմ խորհրդարանի իրավական հանձնաժողովին, որ սկսվել է կանցլերի բջջային հեռախոսի գաղտնալսման մասին գործի նախնական քննությունը»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է Գերմանիայի դաշնային դատախազ Գարալդ Ռանգեն:

 

Ինչպես հաղորդվել է, ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ԶԼՄ-ներին մեծ քանակությամբ գաղտնի նյութեր է տրամադրել Ազգային անվտանգության գործակալության գործունեության մասին, որոնք միջազգային սկանդալներ են առաջացրել:

 

Մասնավորապես՝ Սնոուդենի բացահայտումները դիվանագիտական սկանդալի պատճառ դարձան, երբ հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է տարբեր երկրների 35 առաջնորդների, այդ թվում նաև Մերկելի հեռախոսային զրույցները։