ԼՂՀ խնդիրը որքան վերաբերում է Հայաստանին, նույնքան էլ՝ ՀԱՊԿ-ի անդամ բոլոր մյուս պետություններին. քաղաքագետ
Այն, ինչ տեղի ունեցավ Աստանայում, ընդամենը բացահայտեց, որ մենք մեր երկրի ներսում և Ղարաբաղում մի պատկերացում ունենք իրականության մասին, որը չեն կիսում նույնիսկ մեզ դաշնակից պետությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետություն Ղազախստանը:
Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հնչեցրած հայտարարությանը, թե Հայաստանը ԵՏՄ-ին պետք է անդամակցի առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:
«Ես այդ խնդրին ավելի լայն տեսադաշտով եմ նայում: Իմ կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էլ ունի մտահոգվելու շատ լուրջ պատճառներ, քանի որ տեսնում ենք, որ աշխարհում ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ ընկալումը չի համապատասխանում ո՛չ մեր ժողովրդի պատկերացումներին, ո՛չ առկա իրողությանը»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը՝ հավելելով, թե խնդիրը միայն այն չէ, թե որն է Հայաստանի սահմանները, խնդիրն այն է, թե մեր ռազմական դաշնակից պետությունն ինչ առաջարկեց:
Ես ֆեյսբուքյան իմ էջում հղումներ եմ դրել ՄԱԿ-ի կայքից, որտեղ հստակ նշված է նրանց դիրքորոշումը: Բոլոր այն մարդիկ, ովքեր մտահոգություն չունեն, թող պատասխանեն, թե ինչու ՄԱԿ-ի կայքում Լեռնային Ղարաբաղը ներառված է Ադրբեջանի տարածքում: ՄԱԿ-ի կայքում տեղադրված է այն, ինչն Ադրբեջանին ձեռնտու է, իսկ Հայաստանում դրա վերաբերյալ ոչ ոք մտահոգություն չունի և չի էլ ուզում ունենալ»,-նկատեց քաղաքագետը:
Նա նաև նշեց, թե խնդիրն այն չէ, որ Նազարբաևը Հայաստանի դեմ ինչ-որ քայլ է արել, այլ այն, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը որքան վերաբերում է Հայաստանին, նույնքան էլ՝ ՀԱՊԿ-ի անդամ բոլոր մյուս պետություններին:
«Եթե մենք ՀԱՊԿ-ում Ղազախստանին դաշնակից ենք, ինչպե՞ս է լինում, որ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված չկա միասնական դիրքորոշում »,-եզրափակեց Անդրիաս Ղուկասյանը:










