Կադաստրի նոր ղեկավար Մարտին Սարգսյանը առաջին հերթին կզբաղվի ոլորտի արդիականացմամբ

11:30 • 04.06.14

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը, ով երեկ է նշանակվել իր պաշտոնում, այսօր մինչ Կառավարության նիստի սկսվելը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե հատկապես որ խնդրի լուծմամբ է սկսելու զբաղվել, նշեց, որ առաջին հերթին ոլորտի արդիականացումն է, որպեսզի ժողովուրդը ավելի քիչ խնդիրների հետ բախվի:


«Պետք է ավելի օպտիմալացվի համակարգը, չեմ ասում, թե այդ ժամանակ կլինենք իդեալական, բայց համակարգը առաջատարներից մեկը պետք է լինի»,- ասաց նա:


Հարցին, թե արդյոք օպտիմալացումը չի ենթադրում կադրային փոփոխություններ, պատասխանեց. «Իմ կարծիքով կա նման խնդիր, որովհետև տարբեր մարզերում կան ոլորտներ, որտեղ ժողովրդին ծառայություն մատուցելու համար աշխատողները քիչ են, բայց կա ուռճացված աշխատակազմ: Պետք է բերենք բալանսի այդ ամենը»:


Ինչ վերաբերում է ոլորտում առկա կոռուպցիոն խնդիրներին, պա Մարտին Սարգսյանը նշեց, որ ինքն առայժմ նման խնդիրների չի տիրապետում, մոտակա ժամանակներում հետամուտ կլինի:


«Ամեն դեպքում չեմ կարծում, որ լուրջ խնդիրներ կան այստեղ, որովհետև աշխատում են պրոֆեսիոնալներ, մարդիկ, որոնք զրոյական վիճակից ստեղծել են ամբողջ կադաստրային բազա: Առաջիկայում աշխատանքների ու ժամանակահատվածի մեջ մենք կփորձենք խնդիրների լուծումները գտնել»,- ասաց նա: