Պետք է մեր պետականության սիմվոլները շրջապատեն մեզ. բանավեճ՝ Միկոյանի արձանի տեղադրման գաղափարի շուրջ

14:33 • 04.06.14

Երևանի ավագանու անդամներ Անահիտ Բախշյանը և Լևոն Իգիթյանն այսօր կայացած ասուլիսին բանավիճեցին մայրաքաղաքում խորհրդային տարիների գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման գաղափարի շուրջ:

«Անաստաս Միկոյանի անվան փողոց կա, է հերի՞ք չէ: Թող տանեն Նյու Յորքում դնեն, թող տանեն Մոսկվայում դնեն: Իմ խորին համոզմամբ` պետք է մեր պետականության սիմվոլները շրջապատեն մեզ»-ասաց Անահիտ Բախշյանը և ավելացրեց. «Նժդեհի արձանը օրակարգում չէ, բայց ՀՀԿ-ն ամեն օր ցիտում է Նժդեհին, երդվում է նրա անունով»:

«Հոկտեմբերի 27-ը եղավ, որ այսօր երկրում հանգիստ բերեն և տեղադրեն Անաստաս Միկոյանի արձա՞նը: Թող գնա՝ հանգիստ իր գերեզմանում ննջի, ի՞նչ ենք շուռումուռ տալիս: Այն պետության գաղափարախոսությունը հրեշավոր է, որին ծառայել է Միկոյանը: Ղարաբաղի և Նախիջևանի ճակատագրի վրա իր ազդեցությունը հիշեք, որի համար ինչքան արյուն թափվեց: Հիմա այս մարդու արձանը դնելը նշանակում է մեր ազգային արժանապատվությունը թաղել ինչ-որ տեղ»,-հավելեց նա:

Իր հերթին Լևոն Իգիթյանը նկատեց, թե երկրում կատարվում են ահավոր բաներ վերջին քսան տարում: «Օրինակ՝ մեր այսօրվա քաղաքապետի նախաձեռնությամբ և շատ ճիգերով մանկապարտեզներն Ավանում դարձան անվճար: Երբ ինքը դարձավ քաղաքապետ, մենք խոսեցինք այդ մասին, ասաց, որ քաղաքում էլ պետք է արվի ու արեց: Հիմա հարց եմ տալիս, որ եթե չքանդվեին խորհրդային տարիների մանկապարտեզները, խնդիրներ չէին լինի: Թող պարզեն, թե ովքեր գնեցին այդ մանկապարտեզները, ովքեր վաճառեցին, ինչո՞ւ չեք զբաղվում դրանով: Սիստեմն էդ տեսակ էր, ու այդ սխալները մեր աչքի առաջ էին արվում»,-ասաց նա:

Իսկ ինչ վերաբերվում է անձամբ Անաստաս Միկոյանին, Լևոն Իգիթյանն ավելացրեց. «Միկոյանը 20-րդ դարի հզոր քաղաքական գործիչների հնգյակի մեջ է: Ես ճարտարապետ եմ, եթե ինձ ասեն, թե այդ արձանն ինչպես եմ տեսնում, ես դա սև ու սպիտակի վրա կխաղամ, որտեղ իր հակասական կերպարը կարտահայտվեր: Ես դա եմ առաջարկել, որ այդպիսով այդ գնահատականը գեղագիտորեն արտահայտվեր»:

Իգիթյանի խոսքով՝ այդ սև ու սպիտակը պետք է առանձնացնել, քանի որ Անաստաս Միկոյանը խոշոր քաղաքական գործիչ է, բայց այն համակարգը, որում նա աշխատում էր, սարսափելի էր: «Այդ շրջանում Հայաստանը ծաղկել է, դա չպետք է մոռանալ, և վարպետություն է պետք դա արտահայտելու համար»,-եզրափակեց նա: