Ըստ կալանավորի՝ ճանապարհային ոստիկանները հրահրել են վեճ ու ծեծել իրեն. հարուցվել է քրեական գործ

11:15 • 04.06.14

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թորգոմ Ա.-ն հաղորդում է տվել, որ 2014թ. մայիսի 6-ին` ժամը 01:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Իսակովի պողոտայում իր մասնակցությամբ կատարված ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցները, դրսևորելով ոստիկանության աշխատակցին ոչ վայել պահվածք, հրահրել են անհիմն վիճաբանություն, որի ընթացքում իր նկատմամբ կիրառել են բռնություն` ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից։

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թորգոմ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: