Հայաստանն աջակցում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների համակարգմանը համայն աշխարհում. Հարութ Սասունյան
Անցյալ շաբաթ երկու կարևոր համաժողով տեղի ունեցավ Երևանում հաջորդ տարվա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների նախապատրաստության շրջանակում:
Մայիսի 26-ին կայացած առաջին հանդիպմանը ներկա էին Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հանձնախմբերի ներկայացուցիչներ աշխարհի 40 երկրից, որոնք տեղեկացրեցին 2015 թվականի ապրիլի 24-ի իրենց առաջիկա ծրագրերի մասին: Այս առիթով ներկայացվեցին Հարյուրամյա տարելիցի խորհրդանշանը և կարգախոսը` «Ես հիշում եմ և պահանջում»: Մասնակիցների համար համաժողովը եզակի հնարավորություն էր տեղեկատվության փոխանակման և միասնական ջանքերի համախմբման քննարկման առումով:
Մայիսի 27-ին տեղի ունեցած երկրորդ հանդիպումը համախմբեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամներին, տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներին և տասնյակ հայ դիվանագետների ու հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչների համայն աշխարհից: Պետական հանձնաժողովի կազմում են Հայաստանի և Արցախի ղեկավարությունը և Սփյուռքի խոշորագույն հայկական կազմակերպությունների նախագահները:
Նախագահ Սարգսյանը, հանդուգն քայլ կատարելով, հայտարարեց, որ հրավիրել է Թուրքիայի նախագահին՝ այցելել Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու նպատակով: Անակնկալի գալով՝ թուրքական իշխանությունները դեռևս չեն պատասխանել այս մարտահրավերին: Հայաստանի Նախագահը նաև տեղեկացրեց համաժողովի մասնակիցներին, որ հրավերներ է ուղարկել մի շարք պետությունների ղեկավարներին՝ այդ օրն այցելելու Երևան: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն հաստատել է, որ մտադիր է մասնակցել Հայաստանում Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին:
Պետական հանձնաժողովի անդամների ելույթներից հետո Արգենտինայի, Ֆրանսիայի, Լիբանանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հանդես գալու համաժողովում: Ինձ ևս խնդրեցին ելույթ ունենալ՝ որպես Արևմտյան ԱՄՆ-ի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հանձնախմբի համանախագահ:
Ելույթս սկսեցի՝ բացատրելով, որ աշխարհասփյուռ հայությունը չպետք է համակված լինի այն ակնկալիքով, թե արդյո՞ք նախագահ Օբաման կներառի «ցեղասպանություն» բառը 2015 թվականի ապրիլի 24-ի իր «հիշատակման» ուղերձում: Հակառակ տարածված թյուրըմբռնման` Միացյալ Նահանգների կառավարությունը բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ սկսած 1951 թվականից պաշտոնական փաստաթուղթ ներկայացնելով Միջազգային դատարան, Ներկայացուցիչների պալատի 1975 և 1984 թվականների բանաձևերով և 1981 թվականի ապրիլի 22-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախագահական հռչակագրով: Հետևաբար՝ խիստ անհրաժեշտություն չկա պնդելու, որ նախագահ Օբաման ևս ճանաչի Հայոց ցեղասպանությունը` բացի իր տված խոստումը հարգելու և սեփական պատիվը փրկելու համար:
Ես իմ ելույթում նաև առաջարկեցի, որ քանի որ Հայոց ցեղասպանությունը տևել է 1915-ից մինչև 1923 թվականը, ապա Հարյուրամյա տարելիցի առթիվ նախատեսված միջոցառումները պետք է երկարաձգել 2015-ից մինչև 2023 թվականը: Սա իսկական մղձավանջ կլինի թուրքական կառավարության համար, որն ստիպված է լինելու դիմակայել Հարյուրամյա տարելիցի ո´չ թե մեկ, այլ՝ ութ տարվա միջոցառումներին:
Քանի որ Հարյուրամյա տարելիցը պատմական կարևոր իրադարձություն է, ուստի ես կոչ արեցի հայկական համայնքներին` կազմակերպել յուրահատուկ միջոցառումներ, որոնք զանգվածային բնույթ կկրեն և հնարավորություն կունենան ապահովել համազգային կամ համաշխարհային հրապարակայնություն Թուրքիայից հայ ժողովրդի արդար պահանջների համար: Հարյուրամյա տարելիցի առթիվ չպետք է կրկնել նախկին ամենամյա միջոցառումները: Սակայն, նախքան որևէ ծրագիր նախաձեռնելը, պետք է սկզբում հստակեցնել այն նպատակները, որոնք իրականացվելու են, այնուհետև որոշել, թե արդյոք նախատեսված միջոցառումները իրագործում են այդ նպատակները:
Այնուհետև ես ընթերցեցի համաժողովի մասնակիցների համար Արևմտյան ԱՄՆ-ի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հանձնախմբի որդեգրած առաքելությունը.
«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը շեշտադրում է աշխարհասփյուռ հայության և բարի կամքի տեր բոլոր մարդկանց պահանջատիրական պայքարը հանուն արդարության: 2015 թվականին հիշատակվելու է 20-րդ դարի մարդկության դեմ գործած մեծագույն հանցագործություններից մեկը` Հայոց Ցեղասպանությունը: 1915-ին թուրքական կառավարությունը սկսեց իր կանխամտածված և համակարգված արշավը՝ արմատախիլ անելու հայ բնակչությանը իր հայրենիքից և կոտորելու 1,5 միլիոն անպաշտպան տղամարդկանց, կանանց և երեխաների: Թուրքիան պետք է վերջապես ընդունի իր պատասխանատվությունը Հայոց Ցեղասպանության համար և համապատասխան բարոյական, ֆինանսական և տարածքային փոխհատուցումներ տա` ըստ հիմնարար միջազգային նորմերի ու քաղաքակիրթ հասարակության օրենքների»:
Ելույթս ավարտեցի՝ առաջարկելով աշխարհասփյուռ հայությանը՝ Հարյուրամյա տարելիցի իրենց գործողություններն այնպես համակարգել, որ միևնույն ուղերձը հասանելի լինի ինչպես բարեկամին, այնպես էլ՝ թշնամուն: Ես նաև առաջարկեցի, որ պետական հանձնաժողովի կողմից ընտրված կարգախոսը՝ «Ես հիշում եմ և պահանջում», փոփոխվի հետևյալ կերպ՝ «Մենք հիշում ենք և արդարություն պահանջում»…
Թեև այս հանրահավաքը պետք է ավելի վաղ տեղի ունենար, սակայն այն առավել կարևոր էր Հարյուրամյա տարելիցի նախատեսված միջոցառումների համակարգման առումով: Զարմանալի չէ, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անցյալ շաբաթ հայտարարեց, որ իր կառավարությունը ուշի ուշով հետևում է Հարյուրամյա տարելիցի հանձնախմբերի երևանյան հանդիպմանը: Բարեբախտաբար, Հայաստանում կազմակերպիչները զգույշ էին Հարյուրամյա տարելիցի ծրագրերը հրապարակավ չներկայացնելու և դրանք թուրքական իշխանություններից գաղտնի պահելու հարցում` հնարավորինս քիչ ժամանակ տալով նրանց հայկական նախաձեռնություններին հակազդելու համար...
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի










