Սիրիայում ավարտվել են նախագահի ընտրությունները. արդյունքները կհայտարարվեն հունիսի 5-ին

09:46 • 04.06.14

Սիրիայում ավարտվել են երկրի նախագահի ընտրությունները, արդյունքները կհայտարարվեն հունիսի 5-ին, տեղեկացնում է Life News-ը:

 

Քվեարկությունը ստիպված են եղել երկարաձգել 5 ժամով՝ անհավանական բարձր հաճախելիության պատճառով:

 

Սիրիայում նախագահին ընտրում են 7 տարի պաշտոնավարման ժամկետով: Հաղթանակի համար թեկնածուին բավական է հավաքել 50%՝ գումարած մեկ ձայն:  

 

Ընտրություններին մասնակցել է 3 թեկնածու՝ կոմունիստ պատգամավոր Մահեր Հաջարը, նախկին նախարար, ռեֆորմիստ Հասան ալ Նուրին և գործող նախագահ Բաշար ալ Ասադը, որն այդ պաշտոնում է 14 տարի: Նա համարվում է ընտրությունների ֆավորիտը: Ասադը նաև միակ առաջնորդն է, ով իր պաշտոնին է մնացել «Արաբական գարունից» հետո:

 

Սիրիայում ընտրելիս մարդիկ ցուցամատը թաթախում են հատուկ լուծույթի մեջ: Հետքերը երկար ժամանակ չեն անցնում. սա հարկավոր է կրկնակի քվեարկությունից խուսափելու համար: 

 

Ընտրություններին հետևել են միջազգային դիտորդներ: Ռուսաստանի պատվիրակությունն արդեն հայտարարել է, որ Սիրիայում նախագահի ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան: