Ուկրաինացի ռուսամետ պատգամավորը որոշել է վերադառնալ Ուկրաինա՝ չնայած իրեն բռնելու համար սահմանված պարգևին
Ուկրաինայի «Հարավ-արևելք» հասարակական շարժման առաջնորդ, ռուսամետ պատգամավոր Օլեգ Ցարյովը մտադիր է վերադառնալ Ուկրաինա՝ չնայած այն հանգամանքին, որ իրեն բռնելու համար պարգևատրում է սահմանվել, գրում է Взгляд-ը:
Դնեպրոպետրովսկի շրջանի ազգային պաշտպանության շտաբը երեքշաբթի 500 հազար դոլարի պարգևատրում է հայտարարել իրավապահներին Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Օլեգ Ցարյովին հանձնելու դիմաց, հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանային պետական վարչակազմի ղեկավարի տեղակալ Բորիս Ֆիլատովը Facebook-ի իր էջում:
Այժմ Ցարյովը Մոսկվայում է, բայց մոտ ժամանակներս մտադիր է վերադառնալ Ուկրաինա: «Ես չեմ վախենում: Այժմ եկել եմ Մոսկվա, մենք բացում ենք Ազգային ճակատի գրասենյակ, հետո ես կվերադառնամ Լուգանսկի և Դոնեցկի Հանրապետությունների շրջան (ինքնահռչակ հանրապետություններ-Tert.am): Հուսով եմ՝ շուտով կազատենք Դնեպրոպետրովսկը և ողջ Ուկրաինան նացիստներից»,- ասել է նա:
«Իմ գլխի համար առաջին անգամ չեն պարգև նշանակում: Եթե բոլոր պարգևները միացնենք, խոշոր գումար կստացվի»,- նշել է Ցարյովը:
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի խորհրդարանականները քվեարկել են ժողովրդական պատգամավոր Օլեգ Ցարյովին անձեռնմխելիությունից զրկելու համար, ինչը թույլ կտա նրան քրեական պատասխանատվության ենթարկել։










