Վենեսուելան ԱՄՆ-ից բացատրություն կպահանջի՝ երկրի նախագահի դեմ դավադրություն կազմակերպելու հարցով
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ իր դեմ դավադրության կազմակերպման գործում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածության հարցով պաշտոնական Վաշինգտոնը պետք է բացատրություն տա։
«Ես հրահանգել եմ, որպեսզի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը պաշտոնապես բացատրություն ներկայացնի Վենեսուելայի նախագահի սպանության ծրագրի վերաբերյալ»,-ասել է երկր ղեկավարը։
Ինչպես նշում է РИА-Новости-ն, ավելի վաղ Վենեսուելայի կառավարությունը տեղեկացրել էր, որ ընդդիմությունն ԱՄՆ-ի աջակցությամբ Մադուրոյին վերացնելու ծրագիր է նախապատրաստել։
Դավադրության կենտրոնական կազմակերպիչներն են ընդդիմադիր գործիչներ Մարիա Կորինա Մաչադոն ու Դիեգո Արիան, ովքեր Կոլումբիայում ԱՄՆ-ի դեսպան Քևին Ուիթեքերի հետ քննարկել են Մադուրոյին «չեզոքացնելու» անհրաժեշտությունը։










