Ավետարանական եկեղեցին պետություն է պետության մեջ. Ալեքսանդր Ամարյան

12:39 • 05.06.14

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը և Հայ ավետարանական եկեղեցու նախկին անդամ Արմեն Միքայելյանն այսօր կայացած ասուլիսին խոսեցին հայաստանյան հոգևոր աշխարհում վերջին իրադարձությունների մասին ՝ ընդգծելով, որ հոգևոր դաշտում առկա են բազմաթիվ թերություններ, որոնք պետք է լուծել։ Ըստ բանախոսների՝ Հայ ավետարանական եկեղեցին դարձել է պետություն պետության մեջ:


«Եթե կրոնական կառույցի գործունեությունը վտանգում է հասարակության անվտանգությունը, կարելի է նրա գործունեությունը սահմանափակել»,- ասաց Ալեքսանդր Ամարյանը:


Աղանդների վերջին գործունեությունից նա առանձնացրեց Կոմիտաս հայրապետի ավտոմեքենան ջարդելը, ինչը ստիպում է մտածել, որ պետական մարմինները պետք է համապատասխան գործողություն իրականացնեն, իսկ դա, ըստ նրա, համապատասխան օրենքի ստեղծումն է: «Ֆեյսբուքյան քննարկումներում չգիտես ինչու ավելի շատ քննադատում էին Հայ առաքելական եկեղեցուն, առանց հաշվի առնելու, որ խուլիգանություն է կատարվել ՀՀ քաղաքացու հանդեպ: Բոլորն իրենց իրավունք վերապահեցին հաշվել հոգևոր մարդու կարողությունները, քննադատեն, թե որտեղից հոգևոր մարդուն այդքան փող»,- ասաց նա:


Վերջինիս ներկայացմամբ՝ Հայ ավետարանական եկեղեցին, որ զբաղվում է նաև ԱՄՆ-ից Հայաստան մանկական կերերի ներկրմամբ, վերջին խմբաքանակի ներկրման ժամանակ սահմանին արգելվել է, որովհետև վտանգավոր տարրեր են հայտնաբերվել: Իսկ նրանց սերտիֆիկատները վկայում են, թե կերը պիտանի է կիրառության համար, սակայն այդ կերերի մեջ ամփոփված վտանգավոր տարրերը նաև ազդում են երեխաների գիտակցության վրա: 37 տոննա ապրանքից արգելվել է 12,5 տոննան: «Ավետարանական եկեղեցին նաև որոշ մանկապարտեզներ ունի, որոնք ներսից փորձեցին ինքնամաքրման գործընթաց իրականացնել: Առաջինը` սեռական դաստիրակությունը ճամբարներում բացահայտելն ու արգելելն էր: Կառավարությունը պահանջում էր փաստաթղթեր, իսկ Ավետարանական եկեղեցին արհամարհելով կառավարությանը, չէր ներկայացնում՝ փաստելով, որ պետության մեջ առանձին պետություն է»,- ներկայացրեց Ալեքսանդր Ամարյանը:


Ասուլիսի մյուս բանախոս Արմեն Միքայելյանը, ում հեռացրել են Ավետարանական եկեղեցուց, իր հերթին նկատեց, որ Ավետարանչական ընկերակցությունը և Հայ ավետարանական եկեղեցին փաստացի այլ կազմակերպություններ են, բայց իրականում նույն կառույցն են: «Երբ բացահայտվեց շատ անօրինական գործունեություններ այդ կառույցի ներսում, շատ մարդիկ հեռացվեցին այնտեղից: 1937 թիվն է տիրում Հայ ավետարանականում, բոլոր անձիք, ովքեր կապ ունեն ինձ հետ ազատվում են»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանում իշխանությունները ուշադրություն պետք է դարձնեն բոլոր կրոնական կառույցներին:


Ըստ նրա՝ չնայած օրենք կա, որ պետությունն իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին, բայց կան բազմաթիվ դեպքեր, որ խախտվում են մարդու իրավունքները, և մարդիկ չգիտեն ում և ինչպես դիմել: «Տնից-տեղից կտրում, չորս տարի սովորեցնում են, հետո, երբ այդ մարդն իրենց սրտով չէ, երբ կապ ունի դուրս եկած անդամների հետ, ազատում են աշխատանքից: Ավետարանական եկեղեցին չի ներկայանում անգամ դատարան, արհամարհում է, որովհետև պետության մեջ պետություն է: Ինչո՞ւ գրանցված չեն ու չեն երևում Ավետարանական եկեղեցու աշխատակիցները, որովհետև հավատքը դարձրել են բիզնես և այլ երկրի շահերն են պաշտպանում այստեղ»,- ասաց նա: