2 զինվորի զոհվելու դեպքով ՊՆ է հրավիրվել Անջեյ Կասպրչիկը. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր նախիջևանյան սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ՊՆ կողմից տեղեկացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, վերջինս հրավիրվել է ՊՆ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 5-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ): Այս մասին ավելի վաղ հայտնել էին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։










