Ոչ մի ընտրություն չարժի, որ Ջավախքում պառակտում առաջանա. Վ. Չախալյանը` Վրաստանում սպասվող ՏԻՄ ընտրությունների մասին

23:10 • 05.06.14

Վրաստանում, այդ թվում՝ Ջավախքում, հունիսի 15-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ջավախահայերը կընտրեն «մունիցիպալիտետ»՝ տեղական ինքնակառավարման մարմին: Ըստ նոր օրենքի՝ առաջադրվել են նաև անկախ թեկնածուներ, իսկ հիմնական թեկնածուները ներկայացնում են «Վրացական երազանք», «Ազատ Վրաստան», «Վրաստանի ժողովրդավարական շարժում» , «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների ներկայացուցիչները։


Tert.am-ի հետ զրույցում ջավախահայ քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը նշեց, թե կարևորը լարված իրավիճակ չկա, չնայած նրան, որ «Ջավախքը ցավոտ է տանում ընտրությունները»։


«Մեզ համար ամենակարևորը տարածաշրջանի կայունության ապահովումն է. ոչ մի ընտրություն չարժի, որ Ջավախքում պառակտում առաջանա, որպեսզի ջավախահայությունը կողմերի ու դեմերի բաժանվի»,-նշեց նա։


Վագահն Չախալյանը նշեց, որ փոքր լինելով՝ Ջավախքն ավելի ցավոտ է տանում ընտրությունները։ «Ընտրությունները մի տեսակ չարիք են դարձել մեր ժողովրդի համար։ Պետք է ճիշտ հասկանաք, որ ես ո´չ թե ընտրություններին եմ դեմ, այլ՝ կողմ եմ, որպեսզի ընտրություններ լինեն, բայց երբ կողմերը վարում են քաղաքակիրթ պայքար, և որ ընտրություններից հետո պարտվողները շնորհավորում են հաղթողներին, իսկ հաղթողները պարտվողների ձեռքն են սեղմում, այլ ոչ թե՝ սկսում են հետապնդել. սա է մեր ամենամեծ խնդիրը։ Մենք պետք է կարողանք նորմալ ընտրություններ անցկացնել, և ընտրությունները մեզ համար ո´չ թե պետք է բաժանարար գիծ դառնան, այլ՝ միասնության։ Առանց միասնության մենք չենք կարող հաղթահարել քաղաքական, տնտեսական և բոլոր այն մարտահրավերները, որոնք առկա են Վրաստանի և, մասնավորապես, Ջավախքի առջև»,-ասաց նա։


Վահագն Չախալյանը նշեց, որ ընտրություններից սպասելիքներ կան, ինչպես միշտ. «Անգամ Սաակաշվիլիի ռեժիմի կողմից տարված հալածանքների տարիներին սպասելիքներ կային, հիմա ինչպե՞ս կարող են չլիենել։ Հարցն այն է, թե սպասելիքների որ մասն իրականություն կդառնա»։


Չախալյանը նշեց, որ հարցումներ չկան՝ հասկանալու, թե ջավախահայությունը որ ուժին է հակված տալ իր ձայնը, բայց փորձը ցույց է տալիս, որ հայ համայնքը միշտ էլ քվեարկում է իշխող կուսակցության օգտին։


Ըստ նրա՝ թեկնածուների հիմնական խոստումներից կաևորը ազգային, մշակութային, կրոնական իրավունքների պաշտպանությունն է, որը տալիս են ինչպես իշխող կուսակցության ներկայացուցիչները, այնպես էլ՝ ընդդիմությունը։

 

«Ո´չ թե խորհրդարանական ընդդիմության մասին է խոսքը՝ Ազգայնական շարժման, այլ՝ ոչ խորհրդարանական, որոնք ջավախահայության հետ հանդիպումներում միշտ իրենց դիրքորոշումն ասել են, այն է՝ ազգային փորամասնությունների ու կրոնի հաշվին չի լինելու ոչ մի գործընթաց, ոչ մի ինտեգրման գործընթաց չի լինելու հայոց լեզվի, Հայ Առաքելական եկեղեցու ու մեր կրոնի հաշվին»,-նշեց նա։