Եթե հարցնեք, թե ով է դիրիժորն այս քաղաքական օրկեստրի, ապա կասեմ՝ ժողովուրդը. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար
Ընտրական բարեփոխումները պետք է իրականացվեն սահմանադրական բարեփոխումների հետ մեկտեղ: Այս մասին Երևանում տեղի ունեցող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրամիության դեսպան Տրայան Հրիսթեան՝ շարունակելով, թե՝ իհարկե՛, ԵՄ-ն չի կարող Հայաստանին խորհուրդ տալ, թե ինչ և ինչպես անի, քանի որ սա սուվերեն որոշում է:
«Լավ կլինի, եթե այս երկու օրերի քննարկումների արդյունքում քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի գան»,- հայտարարեց դեսպանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն ասաց, թե իրենք ակնկալում են, որ այս քննարկումները թույլ կտան գտնել իրավական լուծումներ, և իրականացնել համակարգային բարեփոխումներ:
«Մեծ է քաղաքական ուժերի դերը այս քաղաքական օրկեստրի մեջ, և չեմ տարանջատում, թե այդ ուժերը կառավարամետ են, թե՝ ոչ: Եթե հարցնեք, թե ով է դիրիժորն այդ քաղաքական օրկեստրի, ապա կասեմ՝ ժողովուրդը»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը:
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելն իր խոսքում ասաց, թե ուրախ է տեսնել, որ Հայաստանում շարժ կա: «Այս երկրում դեպի լավը փոփոխություններ ենք տեսնում»,- ասաց նա:
Նշենք, որ հունիսի 5-ին և 6-ին սահմանադրական բարեփոխումների թեմայով քննարկում է ընթանում՝ քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ:
Իսկ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, թե մեր երկրում սահմանադրական դինամիկ փոփոխությունների որոշակի մեխանիզմի բացակայություն կա:










