Դամասկոսի արվարձաններից մեկում կարող է հրադադար հաստատվել՝ քիմիական զենքը դուրս բերելու համար
Բաշար ալ Ասադի կառավարությունը կարող է հրադադար հաստատել Դամասկոսի արվարձաններից մեկում զինյալ ապստամբների հետ, որպեսզի ապահովի քիմիական զենքի վերջին խմբաքանակի դուրս բերումը։ Այդ մասին ИТАР-ТАСС գործակալությանը հաղորդել է ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ առաքելության հատուկ համակարգող Սիգրիդ Կաագը։
Նրա խոսքով՝ Սիրիայի իշխանությունները չեն բացառում նաև ռազմական գործողության անցկացումը, եթե զինյալների հետ չհաջողվի համաձայնության գալ։
«Իշխանությունը մեզ զգուշացրել է, որ քննարկում են ռազմական լուծման ճանապարհը, սակայն իրենք նաև տեղային հրադադարի հույս ունեն։ Ես վստահ եմ, որ վերջինը թույլ կտա ոչ միայն դուրս բերել քիմիական զենքը, այլև կլինի բնակչության օգտին։ Դա դրականորեն կազդի ողջ տարածաշրջանի վրա»,-ընդգծել է Կաագը։
Նա նաև պատմել է, որ այսպես կոչված թիվ 2 օբյեկտում պահպանվում է 16 կոնտեյներ քիմիական նյութ։










