Հայ խորհրդարանականները աշխատանքային այցով եղել են Ճապոնիայում

17:56 • 05.06.14

«Հայաստան-Ճապոնիա» պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սամվել Ֆարմանյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը հունիսի 2-4-ը աշխատանքային այցով մեկնել էին Ճապոնիա, այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:


Տոկիոյում հայ խորհրդարանականները հանդիպում են ունեցել «Ճապոնիա-Հայաստան» պատգամավորական բարեկամության ասոցիացիայի նախագահ, Ճապոնիայի նախկին արտգործնախարար Տակեակի Մացումոտոյի հետ:


Հանդիպման ընթացքում կարևորվել է միջխորհրդարանական կապերի հետագա ակտիվացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության բացման առիթով բարեկամության խմբերի առաջին համատեղ նիստի հնարավոր անցկացումը Երևանում:


ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանն ու Սամվել Ֆարմանյանը հանդիպում են ունեցել Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Շունիչի Սուզուկիի հետ:


Ողջունելով հայ-ճապոնական բարեկամական հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված առաջընթացը, Շունիչի Սուզուկին կարևորել է հայ խորհրդարանականների այցը Ճապոնիա՝ վստահություն հայտնելով, որ նման այցելությունները, ինչպես նաև Ճապոնիայի դիվանագիտական մշտական ներկայացուցչության հիմնումը Երևանում նոր լիցք կհաղորդի հայ-ճապոնական հարաբերություններին: Հայ խորհրդարանականները Շունիչի Սուզուկիին են ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետության մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ:


Սամվել Ֆարմանյանին և Ալեքսանդր Արզումանյանին Տոկիոյում ընդունել է Ճապոնիայի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նոբուո Կիշին: Զրուցակիցները քննարկել են հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների օրակարգը, ինչպես նաև միջազգային կառույցներում համագործակցության հեռանկարները:


Հայ խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել անկախությունից ի վեր Ճապոնիայի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված շուրջ 0.5 մլրդ ԱՄՆ դոլարի օժանդակության համար և կարևորել սոցիալ-տնտեսական բարեփոխումների ոլորտում Ճապոնիայի կառավարության հետ արդյունավետ համագործակցության հետագա շարունակությունը: