Կլիչկոն պաշտոնապես հայտարարվել է Կիևի քաղաքապետ
Ուկրաինայի ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն պաշտոնապես հայտարարվել է Կիևի քաղաքապետ` Կիևի նորընտիր քաղաքային խորհրդի նստաշրջանի առաջին նիստի ժամանակ, գրում է gazeta.ru-ն:
Այսօր ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանը վաղաժամ դադարեցրել է Կլիչկոյի պատգամավորական լիազորությունները՝ Կիևի քաղաքապետի պաշտոնում նրա ընտրվելու առնչությամբ:
«Այսօր մենք ստեղծում ենք նոր երկիր, ազատ քաղաքացիների երկիր: Երկրում փոփոխությունները կսկսվեն մայրաքաղաքից, Կիևից»,- հայտարարել է Կլիչկոն Կիևի խորհրդի նորընտիր պատգամավորների առջև ունեցած ելույթի ընթացքում: Դրանից հետո Կլիչկոն Կիևի քաղաքապետի երդում է տվել:
Վիտալի Կլիչկոն հաղթել է Կիևի քաղաքապետի ընտրություններում՝ հավաքելով ընտրողների 57-ից ավելի տոկոսի ձայները: Նրա ՈւԴԱՌ կուսակցությունը քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով նույնպես զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով ավելի քան 40 տոկոս ձայն:










