Ռուսաստանի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը մի քանի ժամ. Մոլդովայի վարչապետ
Ռուսաստանի հարձակման դեպքում Մոլդովան կկարողանա դիմանալ «ընդամենը մի քանի ժամ», գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով ավստրիական Die Presse-ին, որն էլ վկայակոչում է Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեին:
«Չնայած մենք ավելի շատ միջոցներ ենք ծախսում պաշտպանության վրա, միևնույնն է` տանկեր չունենք»,- նշել է վարչապետը: Այդպես, Մերձդնեստրի հետ սահմանին Մոլդովան ունի ընդամենը երկու զրահափոխադրիչ:
Այդ պատճառով, ընդգծել է Լյանկեն, Մոլդովան բոլոր առումներով կախված է Եվրամիության աջակցությունից: Եվ այդ կախվածությունը կավելանա, երբ Մոլդովան ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման և ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Այնուամենայնիվ, հավելում է Die Presse-ը, Մոսկվան կարող է նման քայլը դիտարկել որպես սադրանք:
Մոլդովան Եվրոպայի ամենաաղքատ երկրներից է, որտեղ ինչպես և Ուկրաինայում, ապրում է զգալի ռուսախոս փոքրամասնություն: Ավելի քան 20 տարի առաջ քաղաքացիական պատերազմի հետևանքով Մոլդովայից անկախություն է հայտարարել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը, որը ռուսամետ կողմնորոշում ունի, գրում է թերթը:
Այդ պատճառով Մոլդովայում վախենում են, որ Ղրիմի հանրաքվեից և Արևելյան Ուկրաինայում սադրանքներից հետո Ռուսաստանը կարող է իր ձգտումներն ուղղել Մերձդնեստր և Մոլդովա, նշում է թերթը:










