ԱՄՆ-ում նորապսակները նվերների փոխարեն արյան նվիրատվություն են խնդրել
ԱՄՆ-ում նորապսակ զույգը հյուրերին խնդրել է գումար չպահանջող նվեր անել՝ իրենց արյունը տրամադրել Ռիչմոնդում գտնվող Virginia Blood Services ծառայությանը, գրում է ABC News-ը:
32-ամյա Բարի Գամբլը և նրա կինը՝ 30-ամյա Մոնիկա Գամբլը, ժամանել են Virginia Blood Services՝ հարսանեկան արարողությանը համապատասխան հագուստով: Բարիի խոսքով՝ իրենք կարծում են, որ նվերներն իհարկե հաճելի են, բայց ավելի լավ կլինի, եթե իրենց ընտանիքն ու ընկերները կարողանան կյանքեր փրկել:
Մոնիկայի խոսքով՝ ոչ բոլոր ընկերներն ու բարեկամներն են կարողացել արյուն տալ, բայց նրանք աջակցել են գաղափարին: Virginia Blood Services-ի անձնակազմը ձևավորել է արյան նվիրատվության սենյակը՝ դրան հարսանեկան տոնական տեսք տալով և տորթ է առաջարկել արյուն տալուց հետո:
Virginia Blood Services-ի ներկայացուցչի խոսքով՝ արյան կարիք միշտ է զգացվում, կենտրոնում տարածքի կարիքների համար անհրաժեշտ է օրական 400 արյան նվիրատվություն:










