Վրացի զբոսաշրջիկին ձերբակալել են` Պոմպեյում խճանկարի մի հատված գողանալու փորձի ժամանակ
Իտալիայի ոստիկանները Պոմպեյում ձերբակալել են Վրաստանից ժամանած զբոսաշրջիկի, ով փորձել է գողանալ ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում ներառված թանգարանի հին հռոմեական խճանկարի մի մասը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով РАПСИ-ին:
34-ամյա Մանուչար Կուբլաշվիլին բաց երկնքի տակ գտնվող հայտնի թանգարանն այցելելիս մտել է այցելուների համար փակ Տրիպտոլեմի տան տարածք և կարողացել է անտիկ շինության պատերից մեկը զարդարող հնագույն խճանկարից երեք կտոր պոկել:
Զբոսաշրջիկի պլաններին խանգարել է հնագիտական արգելավայրի աշխատակիցներից մեկը, ով անմիջապես դեպքի վայր է կանչել ոստիկանների: Տեսնելով իրավապահներին՝ վրացին փորձել է փախչել, սակայն նրան կարողացել են ձերբակալել:
Բացատրելով իր արարքը՝ վրացի զբոսաշրջիկն ասել է, որ ցանկանում էր խճանկարի հատվածները որպես «Պոմպեյի մասին հուշ տանել»: Խճանկարի բոլոր կտորները վերջիվերջո վերադարձվել են թանգարանի տնօրինությանը:










