Քերին Պորոշենկոյին խնդրել է ապացուցել Ուկրաինայի հարավ-արևելքի իրադարձություններում Ռուսաստանի մասնակցությունը

12:50 • 05.06.14

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խնդրել է ապացույցներ տրամադրել այն մասին, որ Ռուսաստանը կապ ունի երկրի արևելքում գործող զինյալների հետ, հաղորդում է Взгляд-ը՝ ամերիկյան լրատվամիջոցներին հղումով։
 

Քերին խնդրել է Պորոշենկոյին փաստեր ներկայացնել Ռուսաստանի կապի վերաբերյալ, գրում է New York Times-ը։
  

Պորոշենկոն Վարշավայում բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, իսկ մինչ այդ հանդիպել էր նաև Քերիի հետ։ Լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանել են նախագահների հանդիպումը, սակայն պետքարտուղարի հետ Պորոշենկոյի հանդիպման մասին ավելի քիչ բան է հայտնի։

 

Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ քաղաքական գործիչները քննարկել են Ուկրաինայի ժողովրդավարական զարգացման հեռանկարները, Քերին նաև ուկրաինացի ժողովրդի հանդեպ իր հիացմունքն է հայտնել։


Այսօր Քերին Փարիզում բանակցություններ կվարի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը հիմնականում կքննարկեն Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը։

 

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե որևէ ռուսական զինվորական ստորաբաժանում Ուկրաինայի հարավ-արևելքում չկա։ Պուտինն արևմտյան գործընկերներին կոչ էր արել զերծ մնալ մերկապարանոց հայտարարություններից։