Ղազախստանի խորհրդարանը ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը կարող է վավերացնել աշնանը
Ղազախստանի խորհրդարանը կարող է արդեն այս սեպտեմբերին վավերացնել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը։ Ինչպես հայտնում է Газетa-ն, նման կարծիք է հայտնել խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր, Միջազգային հարցերի, պաշտպանության ու անվտանգության գծով հանձնաժողովի ղեկավար Մաուլեն Աշիմբաևը։
«Մենք ակնկալում ենք, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը խորհրդարանում կհայտնվի սեպտեմբերին։ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները նպատակ են դրել սինխրոնացնել 3 պետությունների խորհրդարանների կողմից պայմանագրի վավերացման գործընթացը։ Իմ կարծիքով` դա տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին»,-ասել է Աշիմբաևը ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը։
Աղբյուրը հավելում է, որ ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը չի բացառել, որ ապագայում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կարող է ստեղծվել ֆինանսական ու արժութային միություն։










