Խորհրդարանական քննարկումները 100 հոգով անցկացնելու որևէ մեխանիզմ չունենք. Հովհաննես Սահակյան

20:24 • 05.06.14

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, անդրադառնալով խորհրդարանի աշխատանքներին, ասաց, թե հաճախ է ականատես եղել մի երևույթի, երբ ԱԺ նիստերի դահլիճում 4 պատգամավորի և չորս լրագրողի մասնակցությամբ հարց են քննարկում, իսկ վերջում հայտարարում, թե քննարկված օրինագիծը «մի հարմար պահի» կդրվի քվեարկության:


Tert.am-ի հետ զրույցում արձագանքելով այս քննադատությանը՝ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, թե խնդիրը պետք է լայն տեսադաշտում դիտարկել. «Ազգային ժողովի ներկայացուցիչները՝ ժողովրդի կողմից ընտրված պատգամավորները, պետք է գան և մասնակցեն օրենքների քննարկմանը, քանի որ իրենց ընտրողները հենց դրա համար են իրենց պատվիրակել:

 

Ինչքան շատ տեսակետներ լինեն, քննարկումներն ավելի բուռն լինեն, ճշմարտությունն ավելի ակնառու կլինի և ամենակարևորը՝ պատճառաբանված»,-ասաց Հովհաննես Սահակյանն՝ ընդգծելով՝ այդ հարցում խնդիր ունենք:

 

«Բայց որևէ մեխանիզմ չունենք՝ քննարկումները 100 հոգով անցկացնելու: Պատգամավորը Սահմանադրությամբ և մյուս օրենքներով առաջնորդվում է իր խղճով,և որևէ մեխանիզմ, լծակ չկա՝ որևէ խնդիր լուծելու, ստիպելու, պարտադրելու: Պարզապես ընտրությունների ժամանակ ընտրողները պետք է չընտրեն այն պատգամավորին, ով նիստերին չի մասնակցում. մասնակցում է քվեարկություններին և հեռանում»,-ասաց նա: