Այսօրվա դեպքերը կրկին ապացուցում են, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության. Է. Շարմազանով
Այսօր հայ-ադրբեջանական սահմանին արձանագրվել է ցավալի դեպք, որը ցույց է տալիս Ադրբեջանի իրական դեմքը:
Այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ադրբեջանը դիմում է նման քայլի ԵԱՀԿ ղեկավարի այցից հետո, նաև՝ համանախագահ երկրների ներկայացուցիչների: Ես կարծում եմ, որ այդ քայլը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի իրական դեմքը, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ բանակցությունների, նաև՝ ցույց է տալիս, որ մենք, ձգտելով խաղաղության, պետք է պատրաստ լինենք պատերազմի»,-ասաց ՀՀԿ խոսնակը:
Ի պատասխան հարցի, թե ՀՀԿ նիստում արդյո՞ք քննարկվել է պատերազմի վերսկսման վանգը, Շարմազանովն ասաց, որ նման բան, իհա´րկե, չի քննարկվել, բայց մի բան հստակ է՝ քանի դեռ մենք չունենք խաղաղության պայմանագիր, տեսականորեն որևէ սցենար բացառված չէ:
Էդուարդ Շարմազանովն ավելացրեց, որ գործ ունենք մի պետության հետ, որտեղ հայատյացությունն ու ֆաշիզմը քարոզվում են պետական մակարդակով, և այստեղ անելիք ունեն բոլոր համանախագահ երկրները:










