Հայաստանում սողանքային ակտիվացումներ են նկատվում. մասնագետը պատճառների և սողանքային գոտիների մասին

10:00 • 05.06.14

Հայաստանի 29 743 հազ. քառ. կմ տարածքի վրա սողանքային գոտիները շատ են: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ճապոնացիների հետ համատեղ ուսումնասիրվել է 2 504 սողանքային տեղամաս, որոնց մակերեսը 2 հա-ից ավել է: Ուսումնասիրված տեղամասերից 233-ը սպառնում են բնակավայրերին, որոնցից 131-ն առավել վտանգավոր են: Առավել վտանգավոր հատվածները Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում են, բազմաթիվ համայնքներ կան Կոտայքի, Արագածոտնի մարզերում, Վազաշենում, Գետահովիտում, Հաղարծինում, Դիլիջանում, Կապանում և այլն: Ընդհանուր առմամբ սողանքավտանգ տարածքները սպառնում են հանրապետության ավտոճանապարհների 240 կմ հատվածին, երկաթուղու 870 կմ-ից վտանգի տակ է 4,8 կմ-ը:


Վերը նշված տվյալները Tert.am-ին փոխանցեց Արտակարգ իրավիճակների նախարարության տարերային աղետների բաժնի պետ Արթուր Մուրադյանը, ապա ներկայացնելով օպերատիվ իրավիճակը երկրում՝ թվարկեց. «Տարվա սկզբից առատ տեղումների հետևանքով ակտիվացել են սողանքները: Սարի թաղի 18 փողոցի հատվածում որոշ շինություններ վթարային վիճակում են հայտնվել, որոնցից մեկը 4-րդ աստիճանի վթարային է, Ողջաբերդում մայիսի 22-ին գրանցվել է մի փոքր ակտիվացում, ճանապարհի մի քանի մետր տարածության վրա փլուզվածք է նկատվել, փլուզում Վանաձորի «Հայջրմուղկոյուղու» տարածքում է նաև նկատվել, ավտոճանապարհի վրա է սահք եղել, նկատվել է ակտիվացում նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքում, այնտեղ մարտի 4-ին սողանքի արագացումներ են նկատվել, ապրիլի 4-ին կրկին ակտիվացումներ են նկատվել»:


Հատկապես վերջին շրջանում սողանքային ակտիվացումը ՏԱ բաժնի պետը պայմանավորեց գրունտային ջրերով, վերգետնյա մակերևութային ջրերի առատությամբ, ինչպես նաև դրենաժային համակարգի շարքից դուրս գալով, որոնք որտեղ էլ շարքից դուրս չեն եկել, տնտեսություններն են շատացել և դրենաժային համակարգն օգտագործողներին չի բավարարում:

Ըստ նրա՝ հանքերի շահագործումն ընդամենը կարող է պատճառ լինել եղածի արագացմանը, բայց դա չի կարող սողանքի պատճառ լինել: «Կոնկրետ հանքերից 200-300 կմ հեռավորության վրա ուսումնասիրություններ են կատարվում, հանքի ազդեցությունը միայն արագացման տեսանկյունից է դիտարկվում: Հանքերի պայթեցումները կարող են նպաստել, որ արագ լինի այդ ամեն ինչը»,- ասաց նա և ավելացրեց, որ իր հերթին էլ Արարատյան դաշտի արտեզյան ավազանների նվազումն է այլ վտանգներ իրենցից ներկայացնում: Օրինակ՝ Մասիս քաղաքում բազմաթիվ շենքերի վրա արդեն նստվածքների պատճառով ճաքեր են երևում, որոշ տեղամասերում էլ գրունտային ջրերի բարձրացում է նկատվում, որոնք նպաստում են հողային վերին շերտի աղակալմանը: Եվ այդ խնդիրները մասնագետը պայմանավորեց նաև մարզում ձկնաբուծարանների ավելացմամբ:


Իսկ թե ինչ քայլեր են արվում սողանքային խնդիրները կանխելու համար, Արթուր Մուրադյանը ներկայացրեց, որ սողանքների վերաբերյալ բավական հաշվարկներ արվում են, բայց երբ գումարը չի հերիքում, գումարների սղության պատճառով այսօր ԱԻՆ-ը, ելնելով բնակչության պաշտպանության իր գործառույթներից, բարձրացնում է կոնկրետ վթարային ինչ-որ աստիճան ունեցող տներից բնակիչների տեղահանման հարցը: Ուսումնասիրությունների վրա գումարներն ուղղակի փոշիանում են, և իրենք աշխատում են գումարներն առաջնահերթ ծախսել այդ մարդկանց վերաբնակեցնելու համար:


Արթուր Մուրադյանը նաև նշեց, որ 2013թ.-ի կառավարության կողմից հավանության է արժանացել «Սողանքային աղետի կառավարման» նոր հայեցակարգը, համաձայն որի՝ ոլորտում համակարգող դերը տրված է ՀՀ ԱԻՆ-ին, բայց հաշվի առնելով, որ սողանքների առաջացման թե՛ պատճառները, թե՛ նրանց հետևանքների վերացման խնդիրները բավականին բազմաբնույթ են, բոլոր շահագրգիռ նախարարություններն ու գերատեսչություններն ունեն որոշակի խնդիրներ, որոնք առավել արդյունավետ լուծելու նպատակով ԱԻ նախարարի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ընդգրկված են այդ նախարարությունների և գերատեսչությունների համապատասխան պաշտոնատար անձիք:


«Կառավարման բլոկում պետք է նշենք նաև, որ ԱԻՆ-ը 2014թ.-ի հունիսից Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համատեղ կիրականացնի սողանքային աղետի կառավարման ծրագիր բավականին մեծ բյուջեով և երեք տարի ժամանակահատվածով, որի ընթացքում կոնկրետ կիրականցվեն հակասողանքային միջոցառումներ հորիզոնական հորատումների տեսքով, ինչը թույլ կտա բեռնաթափել սողանքավտանգ լանջերը և զսպել դրանց հետագա ակտիվացումները»,- ասաց նա և ավելացրեց, որ արձագանքման խնդիրներն էլ առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ևս երկու-երեք համայնքներում սողանքային լանջերի վրա կտեղադրվեն էլեկտրոնային տվիչներ, որոնք սողանքի ակտիվացումների դեպքում տեղեկատվությունը կփոխանցեն ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կենտրոն:


Տարերային աղետների բաժնի պետը նաև տեղեկացրեց, որ դա պիլոտային ծրագրեր են, որոնց շրջանակներում ճապոնացիները հայերին նվիրելու են հորիզոնական հորատման սարք, ինչպես նաև պատրաստելու են հայ մասնագետներին: