Լոնդոնում զբոսաշրջիկների տեղափոխող նավը բախվել է Թաուերի կամրջին
126 զբոսաշրջիկի տեղափոխող Millennium Diamond շոգենավը Լոնդոնով ջրային էքսկուրսիայի ժամանակ բախվել է Թաուերի կամրջին, ինչի հետևանքով տուժել է ինը մարդ, գրում է korrespondent.net-ը:
Վթարից հետո նավը կարողացել է շարունակել ընթացքը մինչև Սուրբ Ելենայի նավանորոգարաններ, որտեղ վիրավորներին ցուցաբերվել է բժշկական օգնություն: Նրանցից հինգը հոսպիտալացվել է:
Կամուրջը չի վնասվել, հետևաբար և կամրջի վրայով ավտոտրանսպորտի և Թեմզայով նավերի շարժը չի դադարեցվել:
Թեմզայում ամենախոշոր վթարը եղել է 1878 թվականին` ուղևորափոխադրող Princess Alice շոգենավի և ածխատար Bawell Castle-ի միջև, որի հետևանքով մահացել է 650-ից ավելի մարդ:










