Հալեպի հայաշատ թաղամասում գիշերը համեմատաբար խաղաղ է եղել. արձակված երկու հրթիռները չեն պայթել (լուսանկարներ)

10:06 • 06.06.14

Անցնող օրերի համեմատությամբ՝ Հալեպի հայաբնակ Նոր գյուղ շրջանում երեկ համեմատաբար հանդարտ է եղել։
Նոր Գյուղի վրա երկու հրթիռ է ընկել, որոնք, բարեբախտաբար, չեն պայթել։

Հալեպի լրատվական գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ շրջանից տեղահանված հալեպահայության մի մասը շարունակում է ապաստանել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, Աղաջանյան և Իշխանաց սրահներում։

 

Նոր գյուղի հայկական ակումբի տղաներն ու Հալեպի շտապ օգնության գործադիր մարմինը փորձում են անհրաժեշտ օգնություն տրամադրել։

 

Երեկ երեկոյան հաղորդվել է նաև հունիսի 1-3-ը Նոր գյուղի հրթիռակոծության հետևանքով վիրավորված հայերի անունները։ Նրանք են՝ Մարիա Խաչերյան-Չիլինգարյան, Լևոն Չերչյան, Թալին Մինասյան, Անի Մահսերեջյան, Հովսեփ Դեմիրճյան։


Վիրավորների վիճակը մտահոգիչ չէ։
 

Հիշեցնենք, որ Սիրիայում կայացած նախագահական ընտրությունների նախաշեմին իրավիճակը լարվել էր Հալեպում և, մասնավորապես, հայաշատ Նոր գյուղ թաղամասում։ Զինյալ խմբավորումները բավական մոտեցել էին Նոր գյուղին, և թաղամասի վրա գազի բալոնի միջոցով պատրաստված հրթիռների տարափ էր տեղացել։

 

Այս օրերին հսկայական վնասներ է կրել Նոր գյուղի հայկական կառույցների մեծ մասը՝ Ազգային երեք վարժարան (Ազգային Քարեն Եփփե ճեմարանը, Ազգային Զավարյան վարժարանը, Ազգային Սահակյան վարժարանը), երեք մանկապարտեզ (Ազգային Հայկազյան մանկապարտեզ, Ազգային Սահակյան մանկապարտեզ, Ազգային Զավարյան մանկապարտեզ), Կաթողիկե համայնքին պատկանող մեկ դպրոց (Զվարթնոց վարժարան), Հայ Առաքելական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Հայ Կաթողիկե Սբ Երրորդություն եկեղեցին (Զվարթնոց),  «Արևելք» տպարանը, Սուրիահայ Օգնության խաչի ընկերաբժշկական կետրոնը, Ազգային պատսպարանը (մանկատուն), Երիտասարդական գրախանութը, ազգապատկան Կիլիկիա, Օշական, Նաիրի, Արցախ և Սիս բնակարանային շենքերը: Ամբողջովին քանդված, կիսաքանդ կամ հրկիզված են շրջանում գտնվող հայերի աշխատավայրերն ու խանութները։

Հալեպահայությունը նախօրեին տագնապի ահազանգ էր հնչեցրել՝ նշելով, որ հալեպահայությունն ու Նոր գյուղը կործանման վտանգի առաջ են։