Լինել Վատիկանում Հայաստանի դեսպանատանը, նշանակում է լինել հայկական հողի վրա. Արամ Ա. կաթողիկոս

15:16 • 06.06.14

Շարունակելով իր պաշտոնական այցելությունը Վատիկան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս հանդիպումներ է ունեցել պետական քարտուղար կարդինալ Բարոլինիի հետ։ Հանդիպման ժամանակ Վեհափառ Հայրապետը խոսել է Միջին Արևելքի ներկայիս վիճակի ինչպես նաև քրիստոնյա համայնքների դիմագրաված մարտահրավերների մասին, տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոսարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:


Ըստ աղբյուրի, Վեհափառը անդրադարձել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին և հայ ժողովրդի պահանջատիրական պայքարին ու գնահատել Վատիկանի ցուցաբերած աջակցությունը: Բարոլին կարդինալը կիսել է Վեհափառ Հայրապետի մտահոգությունը հատկապես Միջին Արևելքի քրիստոնյաների վիճակի մասով և ասել, որ հարցը Վատիկանի համար առաջնահերթություն է: Կարդինալը նաև իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին ու նրա արդար պահանջատիրությանը:


Ի թիվս այլ հանդիպումների Վեհափառ Հայրապետը առաջնորդ սրբազանների հետ միասին այցելել է նաև Վատիկանի մոտ Լիբանանի ու Հայաստանի դեսպանատներ ու սիրալիր հանդիպումներ ունեցել դեսպանների հետ:


Հայաստանի դեսպանատանը, ըստ աղբյուրի, դեսպան Միքայել Մինասյանը ջերմորեն ողջունել է Վեհափառ Հայրապետին` նրան փոխանցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի մաղթանքները։ Վեհափառ Հայրապետը նշել է, որ լինել Հայաստանի դեսպանատան մեջ, նշանակում է լինել հայկական հողի վրա:


Վեհափառ Հայրապետն իր ուրախությունն է հայտնել, որ Հայաստանն ընդարձակում է իր դիվանագիտական հարաբերությունները և ողջունել է երիտասարդ դիվանագետների ներկայությունը արտաքին հարաբերություններում:


Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին, Վեհափառ Հայրապետը ընդգծել է դեսպանների դերը այդ առումով` նշելով, որ 100-ամյակը միայն մեր ժողովրդի համար հիշելու առիթ չպետք է լինի, այլ նաև հիշեցնելու մեր շրջապատին հայ ժողովրդի բռնաբարված իրավունքները և այդ իրավունքներին վերատիրանալու մեր ժողովրդի հավաքական կամքը: