Անգլիկան Եկեղեցու ուխտավորներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

15:03 • 06.06.14

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Անգլիկան Եկեղեցու մի խումբ ուխտավորների` ուղեկցությամբ Ուելսի Սվենսի և Բրեքոնի թեմի առաջնորդանիստ տաճարի լուսարարապետ Հայր Ջեոֆրի Մարշալի և Հայաստանում Քենթրբերիի Արքեպիսկոպոսի ներկայացուցիչ քահանա Ջոն Բարքերի: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Հանդիպմանը Հայր Մարշալը, Նորին Սրբությանը ներկայացնելով Ուելսից ժամանած ուխտավորներին և նրանց հոգևոր կյանքը՝ ուրախություն է հայտնել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Հովվապետի օրհնությանն արժանանալու համար:

Ապա ուխտավորներին իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը կարևորել է Քրիստոնեական այլ Եկեղեցիների ուխտավորների նման այցերը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն, որոնց արդյունքում նրանք հաղորդ են դառնում հայ ժողովրդի անցյալին ու ներկային, ճանաչում նրա նվիրական սրբություններն ու հոգևոր արժեքները:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետը մասնավոր անդրադարձ է կատարել Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի անցած պատմական ուղուն և հատկապես 20-րդ դարում կրած դժվարություններին: Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել Ուելսի ժողովրդին Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար` ընդգծելով, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր կանխարգելել նման ողբերգությունների կրկնումը մարդկության կյանքում:

Զրույցի ընթացքում խոսվել է նաև Մեծ Բրիտանիայում հայոց թեմի գործունեության և կրթական ոլորտում Հայ և Անգլիկան Եկեղեցիների գործակցության մասին: