Ադրբեջանում հրաժարվում են «Կոկա-կոլա»-ից՝ հեղափոխական կազմակերպության լոգոտիպով արտադրանք թողարկելու համար
Բաքվի խոշոր սուպերմարկետների ցանցերը հրաժարվում են համագործակցել «Կոկա- կոլա» ընկերության հետ և վաճառել դրա արտադրանքը, տեղեկացնում է haqqin.az-ը։
Պատճառն այն է, որ իբր ընկերության ադրբեջանական ներկայացուցչությունն ըմպելիքների խոշոր խմբաքանակ է արտադրել, որի տարաներին եղել է հեղափոխական NiDA կազմակերպության նշանը։
Ընկերությունն այժմ բանակցություններ է վարում՝ արտադրանքը շուկա վերադարձնելու համար։ Այդ նպատակով երկիր են ժամանել բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաներ։
Նշվում է, որ մի քանի օր առաջ ընդդիմադիրները տեղեկություն էին տարածել այն մասին, որ «Կոկա-կոլա»-ն խմիչքների նոր խոշոր խմբաքանակ է թողարկել, որի վրա եղել է NIDA-ի նշանը։
Դա հայտնի էր դարձել «Կոկա-կոլայի» նոր արշավի շրջանակներում, ինչը թույլ էր տալիս որոշակի գումարի դիմաց պատվիրել լոգոտիպ՝ ըմպելիքների հերթական խմբաքանակի համար։
Պատվիրված տարաների ստույգ թիվը չի նշվում, սակայն հայտնի է, որ հազարավոր տարաներ՝ հեղափոխական կազմակերպության լոգոտիպով, արդեն վաճառվում են ողջ Ադրբեջանի տարածքում։
Ընկերությունը, սակայն, հերքել է նման տարբերանշանով արտադրանքի թողարկման մասին տեղեկությունը՝ համացանցում տարածված տեղեկությունները կեղծիք համարելով։










