«57» համարի երթուղին սպասարկող ընկերությունը սահմանվածից ավելի է իջեցրել օրվա «պլանը», որ վարորդները աշխատեն. Հ. Եղիազարյան
«Արդինի ստուդիա» ընկերությունը, որը շահագործում է «57» համարի երթուղայինը, իջեցրել է վարորդների կողմից ամեն օր վճարվող գումարի չափը: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը՝ ընդգծելով, որ ընկերությունը այդ քայլին գնացել է՝ իրեն ֆինանսական վնաս հասցնելով:
Պատասխանելով հարցին, թե ինչու երեկ չի գործել 57 համարի երթուղին, Հրանտ Եղիազարյանն ասաց.
«Արդեն ամառ է, հետևաբար ուսանողներ չեն երթևեկում, և վարորդները պահանջել են, որ ընկերությունն այդ վճարի չափը իջեցնի նախատեսվածից ավելի:
Նրանք չէին կարող հասույթը բարձրացնել, քանի որ ուսանողությունն արդեն գնացել է, ուղևորահոսքը պակասում է, վարորդներն ասում են՝ ավելի շատ իջեցրեք, քան թե գծատերերը պատրաստ են իջեցնելու: Բայց ստիպված իջեցրել են, ու սա նշանակում է, որ ընկրությունը ավելի շուտ կքայքայվի, որովհետև եթե վարորդը չի աշխատում, պետք է իջեցնես այնքան, ինչքան պահանջում են: Իջեցրել են, և դրանով իրենց մահախոսականը մեծ տառերով են գրել»,-ասաց Հրանտ Եղիազարյանը:
Հարցին, թե վարորդները ներկայում որքան են վճարելու և նախկինում որքան էին վճարում, ասաց, որ թվեր ասել չի կարող:
Դիտարկմանը, թե «Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր անդրադարձել էր խնդրին և նշել, որ «գծատերերը» բարձրացրել են վարորդների կողմից վճարվող գումարի չափը, Հրանտ Եղիազարյանը պատասխանեց, որ տեղի է ունեցել ճիշտ հակառակը:
«Մենք այդքան ասում ենք, մեր ձայնը լսող չկա, հասել ենք այն վիճակին, որ վարորդներին աշխատանքը չի բավարարում, գծատերերն էլ չեն կարողանում այլևս վառելիք ձեռք բերել, որ նորմալ աշխատեն»,-ասաց նա:










