Թուրքիայում մերկացած Femen-ի ակտիվիստուհիներին 3 տարվա ազատազրկում է սպառնում

15:07 • 06.06.14

Femen շարժման երկու ակտիվիստուհիներ կարող են 3-ական տարվա ազատազրկման դատապարտվել՝ մարտի 30-ին Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում Ստամբուլում սկանդալային ակցիա իրականացնելու համար։

 

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, նման պատիժ է ընտրել դատախազությունը, որը կանանց մեղավոր է ճանաչել հրապարակային վիրավորական գործողություններ իրականացնելու և ընտրական օրենքը խոչընդոտելու համար։
 

Այդ մեղադրանքներով նախատեսվում է 1-3 տարվա ազատազրկում։ Մեղադրյալի աթոռին են հայտնվել երկու ֆրանսուհիներ՝ 24-ամյա և 26-ամյա Սոլյեն Աննի Ասսուանը և Էլվիր Դյուվել Շառլը։

 

Նրանք հայտնի Femen շարժման ակտիվիստներ են, որոնք տարբեր երկրներում մերկ ակցիաներ են կազմակերպում՝ փորձելով ուշադրություն հրավիրել մարդու իրավունքների խնդիրների վրա։

 

Մարտի 30-ին աղջիկները մտել էին Սկյուտար թաղամասում գտնվող ընտրատեղամասը, որտեղ ընտրելու էր նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրանք մոտեցել էին հանձնաժողովին և անսպասելի բարձրացել էին սեղանին՝ հանելով վերնազգեստը։

 

Ակտիվիստների կրծքին գրված էր եղել «Արգելել Էրդողանին»։